
22-09-2023 | 20:53
Եվրամիությունը խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում տեղի բնակչության վրա ազդող լուրջ հումանիտար իրավիճակով։ Լաչինի միջանցքով տեղաշարժը խոչնդոտված է մնում ավելի քան յոթ ամիս՝ չնայած այն վերաբացելու մասին Արդարադատության միջազգային դատարանի հրամանին. Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն է հայտարարություն տարածել։
Բժշկական պարագաներն ու առաջին անհրաժեշտության ապրանքները պակասում են կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ կունենա տեղի բնակչության համար: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում:
Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայտնած պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել նաև Աղդամ քաղաքով։ Սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։ ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում մեծ ազդեցություն է ունեցել և կոչ է անում վերսկսել այն՝ ներառյալ բժշկական տարհանումը և մարդասիրական մատակարարումները: ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից:
Եվրամիությունը, և մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, մեծապես ներգրավված են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու, ինչպես նաև Բաքվի և Ստեփանակերտի/Խանքենդի միջև երկխոսության խթանման գործում: Սա նաև պահանջում է բոլոր կողմերի անկեղծ հավատարմությունը բանակցությունների արդյունքներին և ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության վրա հիմնված ապագայի: