07-10-2024 | 13:51
Ադրբեջանը հույս ունի, որ «Զանգեզուրի միջանցքը» կբացվի. գերմանական ZDF հրատարակությանն ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», մենք հույս ունենք, որ Հայաստանը կկատարի իր պարտավորությունները։ 2020 թվականի եռակողմ համաձայնագրով Հայաստանը համաձայնել է ադրբեջանցիներին Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ մուտք ապահովել։ Բայց մինչ օրս Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները», – ասել է Հաջիևը:
Լրագրողը նաև հետաքրքրվել է՝ արդյոք Ադրբեջանը քննարկում է Հայաստանին ռազմական հարված հասցնելու տարբերակը:
«Ոչ: Մեզ համար ցանկացած ռազմական գործողություն ավարտված է, քանի որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։
Ադրբեջանը գործում է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն. 51-րդ հոդվածը նախատեսում է ինքնապաշտպանության և դրանով իսկ Ադրբեջանի տարածքի վերականգնման իրավունքը։ Չպետք է լինեն երկակի ստանդարտներ և ընտրովի վերաբերմունք տարածքային ամբողջականության նկատմամբ», – ասել է Հաջիևը: