
22-04-2025 | 15:11
Բրիտանական «The Times» թերթը, հիմնվելով Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի հատվածից ձեռք բերված գաղտնի փաստաթղթերի մասին տեղեկությունների վրա, Թուրքիայի և ՀԱՄԱՍ-ի վերաբերյալ պնդումներ է առաջ քաշում, գրում է ermenihaber.am-ը:
Մասնավորապես նշվում է, որ Գազայի հատվածում իշխող խմբավորումը պլանավորում է Թուրքիայում «հատուկ անվտանգային ռազմաբազա» հիմնել:
Բացի այդ, նշվում է, որ դրա նպատակը այլ երկրներում իսրայելական թիրախների ուղղությամբ հարձակումներ իրականացնելու համար կոորդինացիոն աշխատանքներն են:
Թերթում նշվել է, որ «Հիմնել ռազմաբազա Թուրքիայում» վերատառությամբ գաղտնի փաստաթուղթն իսրայելական կողմը գտել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի աջ ձեռքը համարվող Համզա Էբու Շանաբի Գազայում գտնվող տնից:
Տարածվել են նաև լուրեր այն մասին, որ ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի առաջնորդ Իսմայիլ Հանիեի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ուենցած հեռախոսազրույցի ընթացքում ևս նման հարց է քննարկվել:
Խոսքը ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի Կատարից Թուրքիա տեղափոխման վերաբերյալ հարցերի քննարկման մասին է:
Էրդողանը, անդրադառնալով թեմային, հայտարարել է, որ ինքն այդ մասին տեղեկություններ չունի:
«Նույնիսկ չեմ լսել մի բան, որը վերաբերում է Կատարի էմիր, հարգարժան շեյխ Թեմիմի կողմից մեր եղբայների հետ կապված ինչ-որ քայլ անելու մասին: Չեմ էլ կարծում, որ այդպիսի ինչ-որ քայլ կարվի»,-հավելել է նա: