19-01-2026 | 12:37
Հանրակրթական դպրոցներն այսօր հանդիսավոր պայմաններում կրկին բացեցին իրենց դռներն աշակերտների առջև՝ ազդարարելով նոր ուսումնական տարվա մեկնարկը։ Հատկապես նրանց համար, ովքեր հաճախում են առաջին դասարան, հաճելի եռուզեռ էր նաև Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոցում: Երեխաներին իրենց ներկայությամբ ոգևորեցին նաև կրթօջախի գործընկեր «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ թիվ 166 հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշկյանը նոր ուսումնական տարվա, Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ջերմորեն շնորհավորեց աշակերտներին՝ նշելով, որ դպրոցն ունի 125 առաջին դասարանցի։

Դիմելով նաև 9-րդ դասարան հաճախող 158 աշակերտներին՝ տնօրենն ասաց, որ նրանք ներկայացնում են այն սերունդը, որն անցնում է կրթական բարեփոխումների բարդ ճանապարհով և պատվով հաղթահարում բոլոր փորձությունները։
«ԿԳՄՍ նախարարությունը 2025-2026 թվականների ուսումնական տարին հայտարարել է անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի, ուստի սովորելու, գիտելիքներով հարստանալու հետ մեկտեղ պետք է զբաղվել սպորտով, որպեսզի շարունակենք առաջ ընթանալ՝ «առողջ մարմնում առողջ հոգի» կարգախոսով։ Մեր դպրոցը սերտորեն համագործակցում է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ։ 166 հիմնական դպրոցն առաջինն է Երևանում, որ նշված հիմնադրամի կողմից ընտրվել է որպես սերունդ-դպրոց։ Սերունդը կարիքների գնահատման վրա հիմնված դպրոցի ամբողջական փոխակերպման մոդելն է, որը միտված է աշակերտի, ուսուցչի և դպրոցի առաջնորդության էկո համակարգին, ծնողների ներգրավվածությանն ու համայնքային համագործակցության ստեղծմանը»,- ասաց Քուշկյանը։

Տնօրենն ընթերցեց նաև մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանի ուղերձը՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։
«Գիտության արշալույսն ավետող այս օրը սպասված և կարևոր իրադարձություն է հայերիս կյանքում։ Դպրության դարավոր ավանդույթներով և հոգևոր արժեքներով է պայմանավորվել մեր տեսակն ու ազգային դիմագիծը, և ներկայիս մարտահրավերներին դիմակայելու ամենահզոր զենքը կրթությունն է։ Հատկապես ուզում եմ շնորհավորել գիտելիքների ճանապարհով առաջին քայլերն անող մեր առաջին դասարանցիներին։ Սիրելինե՛րս, այսօրվանից դուք մուտք եք գործում դպրության լուսավոր տաճար, որը ձեր կյանքում հասունության գեղեցիկ ուղի է բացում։ Մաղթում եմ, որ այդ ճանապարհն անցնեք հաստատակամորեն, կրողը դառնաք մեր ազգի լավագույն արժեքների ու ավանդույթնենրի»,- ասված էր ուղերձում։
Մարատ Սևոյանը ջերմորեն շնորհավորել է նաև ուսուցիչներին՝ շեշտելով, որ նրանց առաքելությունն անգնահատելի է ոչ միայն գիտելիքներով զինված աշակերտի, այլև վաղվա գիտակից քաղաքացու, ինչպես նաև՝ զարգացող և ուժեղ պետության կայացման գործում։
«Դուք եք մեր դպրոցների հենասյունը և լուսավոր գալիքի գրավականը»,- նշված էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ուղերձում։
www.armenpress.am