14-01-2026 | 15:50
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 18–ի նիստում հաստատեց «Բաց կառավարման գործընկերություն – Հայաստան» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2025–2027 թվականների գործողությունների ծրագիրը։
Հայաստանը 2011 թվականին միացել է այս նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով ապահովել պետական կառավարման թափանցիկություն, հաշվետվողականություն և քաղաքացիների մասնակցություն պետական որոշումների կայացման գործընթացներին։
Նախորդ տարիների ընթացքում իրականացվել են հինգ ազգային գործողությունների ծրագրեր։ Այս ընթացքում մեկնարկել են մի շարք ռազմավարական բարեփոխումներ՝ ուղղված պետական տվյալների բաց քաղաքականությանը, մասնակցային կառավարմանը, հակակոռուպցիոն վերահսկողությանը և տեղական մասնակցության ինստիտուցիոնալ ամրապնդմանը։
2025 թվականին Հայաստանը ընտրվել է ԲԿԳ ղեկավար կոմիտեի անդամ, ինչը նոր պատասխանատվություն և հնարավորություն է ընձեռում երկրի համար՝ գլոբալ մակարդակով նպաստելու բաց կառավարման արժեքների առաջմղմանը և միջազգային լավագույն փորձի փոխանակմանը։
Գործողությունների ծրագիրը կազմվել է Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների համատեղ աշխատանքի արդյունքում՝ ներառելով բաց կառավարման արժեքներին համահունչ վեց ռազմավարական ուղղություն:
Սույն նախագծում ներառվել են հանձնառություններ, որոնք կամ թերի են իրականացվել նախորդ ԲԿԳ 2022-2024թթ. գործողությունների ծրագրով, կամ էլ՝ առհասարակ չեն իրականացվել:
Հաշվի առնելով հաջորդ տարի նախատեսվող խորհրդարանական ընտրությունները՝ ներկայիս գործուղությունների ծրագիրը ներառում է բացառապես նախկինում չավարտված, կամ չիրականացված հանձնառություններ։
Դրանք հետևյալ նպատակներն են ներառում՝
Տվյալների քաղաքականության և կիբեռանվտանգության իրավական հիմքերի ամրապնդում,
Մասնակցային կառավարման կատարելագործում պետական մակարդակում,
Էլեկտրոնային գնումների նոր համակարգի ներդրում և իրական շահառուների ինստիտուտի զարգացում,
Տեղական մակարդակում հանրային մասնակցության մեխանիզմների ամրապնդում,
Նվերների և կոռուպցիոն ռիսկերի վերլուծության թվայնացված ռեեստրի ստեղծում,
Արդարադատության համակարգում «e-Court-statistics» թվային գործիքի ներդրում՝ դատական գործընթացների թափանցիկության բարձրացման նպատակով։
www.news.am