07-10-2024 | 13:51
Այսօր Հայ Առաքելական եկեղեցում Ս. Իսահակ հայրապետին նվիրված տոն է։
Ս. Իսահակ հայրապետը Ս. Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, ով 387 թվականից ի վեր 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ՝ Ս. Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր: Տառերի գյուտից հետո Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը և այնպես կատարյալ են դա անում, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի: