
22-03-2025 | 22:09
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որում նշվում է, թե, իբր, Հայաստանը չի կատարում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ իր պարտավորությունները. ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին ի պատասխան Միրզոյանը ընդգծեց, որ Հայաստանը հետևողական է իր դիրքորոշումներում և որևէ չկատարած պարտավորություն չունի։
«Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել»,-հայտարարեց ԱԳ նախարարը։
Միրզոյանը վերահաստատեց, որ Հայաստանը պատրաստ է օր առաջ բացել և նպաստել տարածաշրջանային ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։
«Մենք հանդես ենք եկել խորը և շատ ընդգրկուն «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ և դրա տրամաբանության շրջանակում Ադրբեջանին շատ կոնկրետ առաջարկներ ենք արել», – նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ ապաշրջափակման գործընթացը չի սահմանափակվում միայն Ադրբեջանի հետ բանակցություններով, այլ ներառում է նաև Թուրքիայի հետ երկխոսությունը։
«Հարցը միայն Ադրբեջանի մասին չէ։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը շատ ավելի լայն խոսակցություն է, որը ներառում է նաև մեր արևմտյան հարևանին», – ասաց Միրզոյանը՝ անդրադառնալով Գյումրի-Կարս երկաթուղու վերաբացման հարցին։
ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է տրանսպորտային և լոգիստիկ կապեր հաստատելու նաև Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ՝ օգտագործելով Ադրբեջանի ենթակառուցվածքները։
«Մենք ապաշրջափակման արդյունքում նպատակ ունենք նույն Ադրբեջանի ենթակառուցվածքներով կապ հաստատել Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ։ Այդ բոլոր խոսակցությունները մեր գործընկերների հետ շարունակում ենք», – հավելեց Միրզոյանը։
www.armenpress.am