15-01-2026 | 19:23
Մերձավոր Արևելքում վերջին թեժ իրադարձություններից հետո ձևավորվում է անվտանգային նոր ճարտարապետություն։ Այդ իրավիճակում Հայաստանը պետք է կարողանա այնպես դիրքավորվել, որ օտարները ոչ թե փորձեն ճնշում գործադրելու միջոցով ինչ-որ բան պոկել մեր երկրից, այլ ձգտեն հնարավորինս լավ հարաբերություններ հաստատել՝ ընձեռվող հնարավորություններն ի նպաստ ընդհանուր շահերի ծառայեցնելու համար։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել արևելագետ, թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, որի հետ քննարկել ենք նաև տարածաշրջանում վերջին շրջանում տեղի ունեցած հնչեղ իրադարձությունները։
- Ձեր դիտարկմամբ՝ իսրայելա-իրանական վերջին բախումը հանգեցրե՞լ է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության:
- Թերևս, ճիշտ կլինի անդրադառնալ ոչ թե Հարավային Կովկասում, այլ ընդհանրապես Մերձավոր Արևելքում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին։ Այդ տեսանկյունից պետք է արձանագրենք, որ Իրանի դիրքերն, անշուշտ, թուլացան։ Իմ ընկալմամբ՝ Մերձավոր Արևելքում կատարվում են անվտանգային նոր ճարտարապետության ձևավորման գործընթացի առաջին քայլերը։ Կարծում եմ, որ այդ նոր ճարտարապետության հենասյուները կլինեն Իսրայելը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան։ Երեքին էլ աջակցում է ԱՄՆ-ն։ Այդ պարագայում Իրանը, պատկերավոր ասած, հայտնվում է խաղից դուրս վիճակում և հիմա պետք է պայքարի իր դիրքերը վերականգնելու համար։ Ենթադրում եմ, որ այդ պայքարը երկարատև է լինելու։
Ընդհանուրից անցնելով մասնավորին՝ պետք է արձանագրենք, որ Իրանն իր աշխարհաքաղաքական դիրքերի թուլացման պայմաններում արդեն չի կարողանա նախկին ազդեցությունն ունենալ Հարավային Կովկասում, որովհետև այժմ ստիպված է կենտրոնանալ այլ, այդ թվում՝ ներքին խնդիրների լուծմանը։
Բացի այդ, տեսնում ենք, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները մտել են որոշակի տուրբուլենտության փուլ։ Այդ հարաբերություններն ունեն սրվելու միտում, բայց մյուս կողմից՝ նկատվում է, որ Իրանի ղեկավարությունը փորձում է չսրել դրանք։ Միաժամանակ, Իրանից տարբեր հայտարարություններ, մեղադրանքներ են հնչում Ադրբեջանի իսրայելամետ դիրքորոշման վերաբերյալ։
Այսպիսով, կարող ենք ասել, որ տարածաշրջանում Իրանի նոր դերը դեռ չի հստակեցվել։ Որոշակի ժամանակ է անհրաժեշտ՝ հասկանալու, թե տեսանելի ապագայում ինչպիսին է լինելու Իրանի դերը մեր տարածաշրջանում։
- Համաձա՞յն եք փորձագիտական որոշ շրջանակներից հնչող այն կարծիքին, որ տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի դերի թուլացման խորապատկերում նկատելիորեն ուժեղացել են Թուրքիայի դիրքերը և ի հավելումն Ադրբեջանն է փորձում դառնալ ավելի նշանակալի գործոն։
- Համամիտ եմ այդ գնահատականներին։ Ընդհանուր առմամբ, այո, Ռուսաստանի դերը սկսեց թուլանալ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Հիմա, ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմամբ պայմանավորված, այդ գործընթացը մտել է նոր փուլ։
Պետք է նշել նաև, որ Իրանը և Ռուսաստանը, ըստ էության, չլինելով դաշնակիցներ՝ վերջին շրջանում, կարծես, ավելի էին սերտացնում իրենց հարաբերությունները։ Այդպիսի տպավորություն էր մինչև Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի վերջին հարձակումները։ Սակայն հիմա տեղեկություն կա, որ Իրանը դժգոհ է այս 12-օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանի դրսևորած դիրքորոշումից և ռուս-իրանական հարաբերություններում որոշակի սառեցում կարձանագրվի։ Ստացվում է, որ Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների մակարդակը իջնում է, իսկ Իրանի հետ հարաբերությունները, կարծես, սառում են։ Ի հավելումն՝ տուրբուլենտ են նաև Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները։ Իմ կարծիքով՝ դարձյալ ռուսական կողմի նախաձեռնությամբ։
- Ի՞նչ եք կարծում, ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ակնհայտ սրացումը, որը նոր դրսևորում ստացավ ՌԴ քաղաքացիություն ունեցող ադրբեջանցիներին սպանություններ կատարելու մեղադրանքով Եկատերինբուրգում կալանավորելուց հետո, ունի՞ քաղաքական ենթատեքստ։
- Կարծում եմ, ճիշտ չէ այդ ամենը զուտ կենցաղային կամ իրավական մակարդակում դիտարկելը։ Ռուսաստանի վերնախավի մոտ որոշակի դժգոհություն էր կուտակվել Ադրբեջանի քաղաքականությունից։ Մասնավորապես, ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետ կապված պատմությունից հետո։ Հիշո՞ւմ եք՝ սկզբում որքան սուր հռետորաբանություն էին օգտագործում Ադրբեջանի իշխանությունները։ Հետո հնարավոր եղավ կանգնեցնել հարաբերությունների սրման այդ գործընթացը։ Հիմա Ադրբեջանի քաղաքականությունից Ռուսաստանի դժգոհությունն արտահայտվում է նրանով, որ փորձում են հարվածել ադրբեջանական տարբեր խմբավորումներին, որոնք սերտաճած են ռուսական կոռուպցիոն համակարգի հետ։ Դա վտանգ է ներկայացնում Ալիևի համար, որովհետև նա զգալի գումարներ է ստանում Ռուսաստանում մեծ հարստություն կուտակած ադրբեջանական շրջանակներից։ Եթե Ադրբեջանը չփորձի պաշտպանել այդ մարդկանց, ապա նրանք կհիասթափվեն և կդադարեցնեն ֆինանսական հոսքը։ Այնպես որ, Ալիևը ստիպված է սուր քայլեր կատարել, որպեսզի ցույց տա, թե ինքը պաշտպանում է ռուսաստանաբնակ հայրենակիցներին և հակահարված է տալիս Ռուսաստանին։ Հիմա դժվար է կանխատեսել, թե որքան կխորանա ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացումը։
- Ըստ ձեզ, այդ հակասությունների հնարավոր խորացումն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Հայաստանի վրա։
- Չեմ կարծում, որ դա անմիջական ազդեցություն կունենա մեր երկրի վրա։ Վերջիվերջո, Ադրբեջանն ավելի շատ կախվածություն ունի Թուրքիայից։ Կարծում եմ, Թուրքիան ավելի մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի քաղաքականության վրա, քան ունեցել է Ռուսաստանը։ Հակված չեմ այն մտքին, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների այս սրացումը կփոխի Ադրբեջանի դիրքերը մեր տարածաշրջանում, մասնավորապես, Հայաստանի նկատմամբ ունեցած մոտեցումների առումով։ Ամեն ինչ կմնա նույնը, եթե Թուրքիան ճնշում չգործադրի Ադրբեջանի վրա։ Բայց, չեմ կարծում, որ Թուրքիան ներկայում շահագրգռված է մեր տարածաշրջանում հարաբերությունների տուրբուլենտությամբ։ Այդ երկիրը, որքան հասկանում եմ, ցանկանում է պահպանել այստեղ ձևավորված ստատուս քվոն, որը ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո և ի օգուտ իրեն է։
- Գուցե, Ադրբեջանը ինչ-ինչ նպատակներով կամ նկատառումներով փորձո՞ւմ է Հարավային Կովկասից դուրս մղել Ռուսաստանին։
- Չեմ կարծում, որ նրանք աշխարհաքաղաքական այդպիսի խնդիր են դրել իրենց առջև։ Ես ադրբեջանագետ չեմ, բայց իմ տպավորությամբ՝ այդ երկրի և նրա ղեկավարի քաղաքականությունը միտված է գերազանցապես մարտավարական, փոքր խնդիրների լուծմանը։ Դա, հավանաբար, գալիս է Ալիևի աշխարհընկալումից։ Նա, ինչպեսև Հայաստանի հետ հարաբերություններում, փորձում է ինչ-որ մի բան պոկել։ Մինչդեռ, Թուրքիայի քաղաքականությունը մեր տարածաշրջանում և ընդհանրապես՝ ավելի մեծ մասշտաբներով, վերջին տարիներին աստիճանաբար աշխարհառազմավարական բովանդակություն է ստանում։ Թուրքիան խաղում է մեծ խաղ, իսկ Ադրբեջանը լուծում է ավելի փոքր խնդիրներ, ուստի չեմ կարծում, որ վերջինս նպատակադրվել է տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին։
- Ամեն դեպքում, կարող ենք արձանագրել, որ Հայաստանը հայտնվել է բոլորովին նոր աշխարհաքաղաքական իրավիճակում և միջավայրում։ Ի՞նչ նոր մարտահրավերների կարող է բախվել մեր երկիրը։
- Շատ կարևոր հարց է։ Իմ ընկալմամբ՝ իրավիճակը դեռ շարունակում է խմորվել, այն դեռևս վերջնականապես չի ձևավորվել։ Ըստ այդմ, անհնար է կանխատեսել, թե ինչ կլինի որոշ ժամանակ հետո։ Ստատուս քվոյի ձևավորումը դեռ չի ավարտվել։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի համար անչափ կարևոր է, որ իրավիճակը տարածաշրջանում առաջին հերթին նպաստի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը։ Դա մեծ նշանակություն կունենա Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի համար։ Նաև շատ կարևոր է, որ մեր տարածաշրջանը չլինի մեծ տերությունների աշխարհաքաղաքական մրցակցության կիզակետում։ Հիմա, թերևս, այդպես է․ չեմ կարծում, որ Արևմուտքը կամ ԱՄՆ-ն ներկայում շահագրգռված են այստեղ իրադրության սրմամբ։ Ըստ իս՝ այժմ Արևմուտքի և Ռուսաստանի առջև ծառացած են ավելի կարևոր խնդիրներ, քան Հարավային Կովկասը գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացներում ներքաշելն է։ Սա լավ է։ Հայաստանի շահերից է բխում, որ այս միտումը պահպանվի և իրավիճակը մեր տարածաշրջանում ավելի հանգիստ լինի։
Տեսե՛ք, աշխարհաքաղաքական և աշխարհագրական առումներով Հայաստանը Հարավային Կովկասում գտնվում է ավելի նպաստավոր դիրքում, քան Ադրբեջանը և Վրաստանը։ Մենք կենտրոնում ենք․ դա առավելություն է, որից Հայաստանը կփորձի օգտվել, երբ իրադրությունը հանդարտվի և կարգավորվի։ Հայաստանն, ըստ էության, կդառնա կոմունիկացիաների կենտրոն։ Դա կլինի ամենաիդեալական տարբերակը։ Հիմա դեռ վաղ է խոսել դրա մասին, բայց դա պետք է տեսլական լինի մեզ համար։
- Ինչպեսև Սյունիքն ամեն գնով պաշտպանելն ու պահպանելը, որովհետև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը Հայաստանին անմիջապես կզրկի Ձեր նշած առավելություններից։
- Այդ հարցով Ադրբեջանի և Թուրքիայի ճնշումը Հայաստանի վրա կա և կլինի, բայց Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է գնա զիջումների։ Կարծում եմ, այդ պարագայում նշված երկու պետություններն ի վերջո ստիպված կլինեն համաձայնել Հայաստանի պայմաններին, որովհետև նրանք նույնպես շահագրգռված են տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացման հարցում։
Իսկ Հայաստանը պետք է ավելի ամուր ձեռքերում պահի Սյունիքի «բանալին», որը հետագայում իսկապես կարող է դիրքերն ուժեղացնելու գործոն դառնալ մեր երկրի համար։ Պետք է կարողանանք այնպես դիրքավորել մեզ, որ օտարները ոչ թե փորձեն ճնշում գործադրելու միջոցով ինչ-որ բան պոկել մեզնից, այլ հասկանալով, որ տվյալ խնդրի լուծումը մեր ձեռքերում է՝ հնարավորինս լավ հարաբերություններ հաստատեն մեզ հետ, որպեսզի իրենք էլ կարողանան օգտվել Հայաստանի ինքնիշխանության և վերահսկողության ներքո շահագործվելիք ճանապարհի առավելություններից։
www.armenpress.am