
25-04-2025 | 15:30
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանի գրառումն X սոցիալական ցանցում Պատասխանել եմ լրատվամիջոցների հարցմանը Բաքվի՝ «ականադաշտերի քարտեզներ տրամադրելու» պաշտոնական պահանջների մասին: Ընդգծելով մարդասիրական հարցերի լուծման կարևորությունը, 2021թ. հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանը միակողմանիորեն տրամադրել է Ադրբեջանին 972 ականադաշտերի գրանցամատյաններ՝ առանց նախապայմանների:
Ավելին, հավատարիմ մնալով մարդասիրական հարցերում համագործակցության սկզբունքներին, 2024թ. սկզբին կազմվել և Ադրբեջանին են փոխանցվել նոր ականադաշտերի գրանցամատյաններ: Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այս քարտեզների ճշգրտությունը, չնայած մեր բազմիցս հայտարարություններին, որ չկան «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ: Հայաստանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պատրաստ է ստուգել այս քարտեզների ճշգրտությունը՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ:
Ցանկանում ենք հավելել, որ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը, որում Ադրբեջանը մեղադրել էր Հայաստանին ականապատման գործողություններում:
www.aravot.am