
21-09-2023 | 18:28
Ադրբեջանական haqqin.az-ը հայտնում է, որ Սումգայիթի ծանր հանցագործություններով դատարանում մեկնարկել է հայ ռազմագերիներ Հարություն Յուրիկի Հովակիմյանի ու Կարեն Աշոտի Ղազարյանի գործով հերթական դատական նիստը։
Դատավոր Ֆահմին Գումբատովի նախագահությամբ իրականացվող դատական նիստում ընթերցվել են Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի թերթիկների տվյալները, հայտարարվել են նրանց իրավունքներն ու պարտականությունները, նրանց տրամադրվել են փաստաբաններ և թարգմանիչներ։
Դատավորն ընթերցել է վերջնական մեղադրանքը, ըստ որի՝ ամբաստանյալները մայիսի 26-ին ժամը 19:00-ի սահմանում «ՀՀ զինված ուժերի դիվերսիոն խմբի կազմում մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ՝ ապօրինի ձեռք բերված հրազենով և ռազմամթերքներով՝ ուժ գործադրելով պետական սահմանապահ ծառայության Զանգելանի սահմանապահ ջոկատի զինծառայողների նկատմամբ, խախտել են Ադրբեջանի պետական սահմանը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու նպատակով՝ մաքսանենգ ճանապարհով հրազեն և զինամթերք ներմուծելով Զանգելանի շրջանի Ռազդարա գյուղ, կրակ են բացել տեղակայված զորամասի զինծառայողների ուղղությամբ»։
«Դատախազ Օրհան Ռուստամովը հրապարակել է մեղադրական ակտը։ Գործով տուժածներ են ճանաչվել Էլթուն Սյարքյառլին, Ռզա Ալլահվերդիեւը, Ասիֆ Բաբաշևը եւ Իբրահիմ Շիխլարովը։ Ներկայում դատավարությունը շարունակվում է»,- նշում է աղբյուրը։