04-12-2024 | 21:56
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը զավեշտալի, իրար հաջորդող հայտարարություններ է անում. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի երեկվա տեսաուղերձին արձագանքել է «արևմտյան Ադրբեջան» անօրինական, արհեստածին և ուրիշի երկրի վրա աչք ունեցող ադրբեջանական կազմակերպությունը։
Բաքվի բռնապետ, օկուպանտ, ցեղասպան Ալիևի հովանավորությամբ ստեղծված այդ կառույցի լեզուն ՀՀ իշխանությունների անգործության ու թողտվության հետևանքով այնքան է երկարել, որ համարձակվել է ծաղրի ենթարկել ՀՀ փորձառու, հեղինակավոր դիվանագետին, որը քննադատում է Հայաստանի օրվա իշխանություններին իրենց վարած ադրբեջանամետ ու հակահայ քաղաքականության համար։ Թերևս հենց դրա համար էլ Վարդան Օսկանյանն Ադրբեջանի քննադատությանն է «արժանացել», որովհետև ՀՀ իշխանությունների նման ջուր չի լցնում Ադրբեջանի ջրաղացին։ Իսկ քանի որ Օսկանյանը քննադատվում է, ուրեմն նրա հայտարարությունները իրավական հիմք ունեն, վտանգավոր են Ադրբեջանի ու ՀՀ իշխանությունների համար և իրականացվելու դեպքում լուրջ սպառնալիք են Ադրբեջանին ու «քացախ՝ նրա ախորժակին»։
Նշենք, որ Վարդան Օսկանյանը երեկ իր տեսաուղերձում շեշտել է, որ ոչնչից ստեղծված պետությունը «արևմտյան Ադրբեջանի» հարցն է մեջտեղ բերում։ Ադրբեջանցի դեսպանը որերորդ նամակն է հղում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ բարձրացնելով ադրբեջանցիների վերադարձը չակերտավոր արևմտյան Ադրբեջան և պահանջում, որ ՄԱԿ-ը երաշխավորի նրանց անվտանգությունը։ Իսկ մենք, որ ընդամենը 2 ամիս առաջ արցախահայությունն էթնիկ զտման ենթարկվեց, մահվան սպառնալիքի տակ բռնի արտագաղթեց իր Հայրենիքից, չենք պաշտպանում նրանց պատմական իրավունքները։
Օսկանյանի հնչեցրած դառը ճշմարտությունները, որ մոլորակի վրա չեն ընդունում միայն ադրբեջանցիներն ու ՀՀ իշխանությունները, արևմտյան Ադրբեջան արհեստածին կազմակերպությունը «չի մարսել», ստամոքսի խանգարում է ստացել հավանաբար։ Եվ այսօր հայտարարություն է տարածել. «Իր դաշնակցական, ռասիստական մտածողությամբ Վարդան Օսկանյանը լիովին կտրված է իրականությունից և օրերն անցկացնում է իր հորինած զուգահեռ աշխարհում։ Այն փաստը, որ նման անլուրջ մարդը երկար ժամանակ զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը, շատ լավ բացատրում է, թե ինչու է Հայաստանն անհաջող պետություն։ Վարդան Օսկանյանը, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խումբն ու Թոմաս դե Վաալը, արդեն անցյալում են»։
Դե իհարկե, ՀՀ իշխանություններն Ալիևի հետ թիկունք թիկունքի՝ ամեն ինչ արեցին, որ Մինսկի խմբի առաքելությունն էլ, Վարդան Օսկանյանի՝ Արցախի ինքնորոշման իրավունքի կարևորագույն թեզն էլ մնան անցյալում, իսկ օրակարգ բերվի Արցախի վրա խաչ քաշող և Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը վտանգի տակ դնող «խաղաղության պայմանագիրը»։
Azg.am