23-01-2026 | 13:30
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, նշվում է հայ մշակույթի նշանավոր գործիչներից՝ պարուհի Հայկանուշ Ասատրյանի (Մուրադյան) ծննդյան օրը։
1914 թվականի այս օրը Երևանում ծնված արվեստագետը դարձավ հայ պարարվեստի և Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի նորաստեղծ թատրոնի առաջին սերնդի առաջատար պարուհիներից։
Նրա հայրը՝ Ռուստամ Ասատրյանն Ալափարս գյուղից էր, մայրը՝ Նատալյա Գասպարյանը՝ Սոլակ գյուղից։ Հայկանուշը յոթ աղջիկներից երրորդն էր։ Տունը, որտեղ ապրում էր երիտասարդ ընտանիքը, գտնվում էր Սայաթ-Նովա փողոցում՝ այն վայրում, ուր այժմ վեր է խոյանում Սուրբ Աննա եկեղեցին։
Հայկանուշի ուսումնառությունն անցել է Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, որտեղ նա սովորել է գրող Գուրգեն Բորյանի հետ, իսկ նրան դասավանդել է հայտնի նկարիչ Էդվարդ Սարգսյանը։ Դպրոցական տարիներին նա ակտիվորեն մասնակցել է տարբեր միջոցառումների. հատկապես հիշարժան է «Հաղթված բազեն» ներկայացումը, որտեղ նա և՛ երգում էր, և՛ պարում։
Նա ամուսնացել է վաղ տարիքում՝ դեռ տասնյոթը չբոլորած. նրա ընտրյալը հայ թատրոնի արտիստ Էդվարդ Մուրադյանն էր։ Բնակվում էին Ջափարիձե (այժմ՝ Պուշկին) փողոցի մեկհարկանի սեփական տանը՝ ամուսնու մայրիկի՝ Մարիամ Մուշյանի, բալետի արտիստ Զարեհ Մուրադյանի և լուսանկարիչ Տիրան Մուրադյան-Քուփելյանի հետ։ 1934 թվականին ծնվում է նրանց առաջնեկը՝ Իվետտա Մուրադյանը, ով հետագայում դարձավ բալետի լավագույն պարուհիներից մեկը։
Հայկանուշը 1937 թվականին աշխատում է Սպանդարյանի շրջանի նախագահությունում՝ որպես մեքենագրուհի, սակայն մեկ տարի անց անցնում է իրեն հոգեհարազատ աշխատանքի՝ 1938-1940 թվականներին պարում է Հայաստանի ժողովրդական երգի ու պարի անսամբլում։ 1940 թվականին նա ընդունվում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն՝ որպես պարուհի, և հետագայում դառնալով պարուհի-կորիֆեյ՝ աշխատում է մինչև 1963 թվականի նոյեմբերի 23-ը։ Կարելի է վստահաբար ասել, որ Հայկանուշ Ասատրյանը (Մուրադյան) նորաստեղծ թատրոնի առաջին պարուհիներից մեկն էր։
1950 թվականի դեկտեմբերի 12-ին ծնվում է նրա երկրորդ երեխան՝ մեր ժամանակի տաղանդավոր արվեստագետ-գրող Դավիթ Մուրադյանը։ Այդ տարիներին ընտանիքը բնակվում էր Աջափնյակ թաղամասի Էստոնական փողոցի չորսհարկանի բնակելի շենքում։ Նրանց օջախը մշտապես հյուրընկալ է եղել. այնտեղ հաճախ են հավաքվել հայ և սովետական արվեստի բազմաթիվ հայտնի ու տաղանդավոր մարդիկ՝ Եղիշե Չարենցը, Վահան Թոթովենցը, Արշակ Չոպանյանը, Վահրամ Փափազյանը, Արուս Ոսկանյանը, Միքայել Մանվելյանը, Ավետ Ավետիսյանը, Ալեքսեյ Երմոլաևը, Գարուշ Խաժակյանը և շատ ուրիշներ։
Հայկանուշի կենսագրությունը լեցուն է և բովանդակալից. 23 տարիների ընթացքում նա պարել է 23 բալետներում ու օպերաներում, հանդես եկել բազմաթիվ մենապարերով։ Նրա մասին բազմիցս գրել են մամուլում։ Հայկանուշ Ասատրյանի (Մուրադյան) մասին գիրք է հեղինակել թոռնիկը՝ Արմեն Մուրադյանը, որը շուտով կհրատարակվի։
Շնորհավո՜ր Հայկանուշ Ասատրյանի (Մուրադյան) երկնային ծնունդը։
Գրականագետ, լրագրող Գայանե Աթանեսյան
www.aysor.am