09-09-2024 | 11:20
Կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը։ Արդեն 29-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության շնորհիվ Միությունը գնահատում և խրախուսման է արժանացնում մշակույթի և գիտության տարբեր բնագավառների լավագույններին։
Այս տարի մրցանակ հանձնվեց 4 անվանակարգում՝ Գրականություն, Հայագիտություն, Կերպարվեստ և Դեկորատիվ-կիրառական արվեստ։ Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 55 մասնակից. հանձնաժողովն ընտրել է դրանցից լավագույններին: Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնեց մրցութային հանձնաժողովների նախագահներին՝ անաչառ ընտրության համար: Ռուբեն Միրզախանյանն իր խոսքում նշեց, որ հատկապես այս օրերին պետք է մշակույթն արժևորել, ստեղծագործել, պահպանել ազգայինը, ազգային կրթությունն ու դպրոցը․ հենց այդ ձգտումներին է միտված «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը։
«Առաջին անգամ «Գրականություն» անվանակարգը կոչվեց անվանի գրականագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Երվանդ Ազատյանի անունով։ Խորհրդանշական է․ Երվանդ Ազատյանի անմիջական ջանքերով է կայացել «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը և դարձել ամենամյա»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ի և Կանադայի Թեքեյան միությանը. «Շաքե Ղազարյան-Թեքեյան» հիմնադրամն ապահովում է մրցանակաբաշխության նաև նյութական կողմը։
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր անվանակարգում հաղթողն ստանում է 1500 դոլարին համարժեք դրամ։
Ձեռնարկին իր օրհնությունը բերեց Տեր Անուշավան եպս Ժամկոչյանը և նշեց, որ ներկայիս գորշ օրերում Թեքեյան միության ամենամյա այս ձեռնարկը կարծես լույսի և հույսի շող լինի․ «Ամեն տարի գնահատում եք մեր մշակույթի և գիտության գործիչներին, խրախուսում, հույս ներշնչում երիտասարդներին, որ իրենց գործերով եկող տարի մասնակցեն և արժանանան «Վահան Թեքեյան» պատվաբեր մրցանակին։ Մենք, իբրև կերտող և ստեղծագործող ժողովուրդ, մեր ջանքերով և աղոթքով կարող ենք ճեղքել այս խավարը»,-նշեց Տեր Անուշավան եպս Ժամկոչյանն ու վստահեցրեց՝ դեռ շատ ուրախ օրեր ենք ունենալու։
«Գրականություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց Նորայր Ադալյանին՝ «Էմբրիոն» վիպակների ժողովածուի և Հուսիկ Արային՝ «Կորած սերունդ» բանաստեղծությունների ժողովածուի համար։
«Այս օրերին միակ փրկությունն ինձ համար գրելն է։ Անգամ էթնիկ զտման, ցեղասպանության օրերին գրել եմ։ Շատերն այս իրավիճակն ավելի ծանր են տանում ու չեն կարողանում ոչինչ անել, իսկ ես գրում եմ, որ փրկվեմ։ «Կորած սերունդ» ժողովածուն, որ արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի, ամփոփում է արցախյան առաջին պատերազմի, ապրիլյան քառօրյայի, նաեւ 44-օրյա պատերազմի թեմաները։ Այդպիսին է ստեղծագործողը, կարող է ամենադժվարին ժամանակներում ամենաանհավանական բանն անել։ Օրինակ՝ Մարտիրոս Սարյանը Հայոց ցեղասպանության օրերին քրիզանթեմներ էր նկարում։ Ստեղծագործելն ինքնափրկության միջոց է, այլապես կմեռնես»,-նշեց Հուսիկ Արան ու հավելեց՝ պատվաբեր է իր սիրելի բանաստեղծ Վահան Թեքեյանի անունը կրող մրցանակը։
«Վահան Թեքեյանը մեր մեծագույն դասականներից է։ Նրա գործը, անունը ապրելու են միշտ։ Նրա անվան մրցանակ ստանալն ինձ համար պատիվ է։ Նա ուսուցիչ էր, մեր գրական երազանքների իրականացնողը։ Ցեղասպանություն, արտագաղթ, երկու դարերի խաչմերուկ. Վահան Թեքեյանն իր գրական-հասարակական գործունեությամբ հույս ներշնչեց հայ ժողովրդին։ Այսօրվա այս մրցանակաբաշխությունը, մտավորականների, արվեստագետների այս հավաքն էլ մեր ծանր օրերի մեջ է հույս ներշնչում։ Մեր կյանքը փոխվել է, շատ է փոխվել։ Վերջերս Ադալյան ընտանքի հետ մեր տանը զրուցելու եւ հաղորդում պատրաստելու առաջարկ ստացանք, բայց մերժեցինք։ Հայ ժողովրդի, Հայաստանի այսօրվա վիճակը թույլ չի տալիս խոսել մեր ընտանիքի, թեկուզեւ արվեստի մասին»,-նշեց Նորայր Ադալյանը։
«Հայագիտություն» անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակը շնորհվեց Ամատունի Վիրաբյանին և Սոնյա Միրզոյանին՝ «Հայ սպաները Առաջին աշխարհամարտում և Առաջին Հանրապետության բանակի սպաները» պատմակենսագրական բառարանի համար և Արամ Հովհաննիսյանին «Մլեհ Ռուբինյան իշխանապետ Կիլիկիո հայոց» աշխատության համար։
«Որպես 21-րդ դարի պատմաբան՝ չեմ կարող ինձ ներել, որ 100 տարի առաջ կորցրինք Կարսը, Սուրմալուն, հիմա էլ կորցրինք Արցախը։
«Հայ սպաները Առաջին աշխարհամարտում եւ Առաջին Հանրապետության բանակի սպաները» պատմակենսագրական բառարանը նվիրված է հենց 100 տարի առաջ եղած պատմությանը։ Հայաստանի ազգային արխիվում աշխատելու տարիներին ենք հանրագիտարան ստեղծել, եւ այն տեւել է մոտ 20 տարի։ Հիմնական աշխատանքը կատարել եմ ես եւ պատմական գիտությունների թեկնածու Սոնյա Միրզոյանը։ Պատմական գրականության մեջ Համաշխարհային առաջին պատերազմին մասնակցած, ՀՀ բանակում ծառայած ընդամենը 50 սպայի մասին է տեղեկություն եղել, բայց մենք հայտնաբերեցինք մոտ 7000 սպայի, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական բանակի կազմում կովկասյան ռազմաճակատում կռվել են թուրքերի, արեւմտյան ռազմաճակատում՝ գերմանացիների եւ ավստրոհունգարացիների դեմ»,-նշեց Ամատունի Վիրաբյանն ու հավելեց՝ բառարանը հրատարակվել է ռուսերեն, որպեսզի այն ավելի լայն տարածում ունենա։
«Կերպարվեստ» անվանակարգում մրցանակը շնորհվեց երկու հեղինակի՝ գեղանկարիչ Մելքոն Հովհաննիսյանին՝ «Մոռացված մեղեդի» շարքի համար և Աշոտ Գևորգյանին «Ջրի հիշողություն» ստեղծագործությունների շարքի համար։
Մելքոն Հովհաննիսյանը նշում է՝ համավարակի ժամանակ շատ արվեստագետների նման ինքն էլ չէր մոտենում նկարակալին, պատերազմի ժամանակ՝ առավել եւս։ «Տագնապած, անորոշ հոգեվիճակում արվեստի մասին մտածել չէր կարող, բայց անցյալ տարվանից գտել է առօրյայից կտրվելու ելքը։ Առանց այն էլ բնություն շատ էր սիրում, հիմա ավելի հաճախ է լինում բնության գրկում՝ նկարակալով, երանգապնակով»,-նշեց գեղանկարիչն ու հավելեց՝ «Մոռացված մեղեդի» շարքը հենց այդպես էլ ստեղծվել է՝ Շորժայում։
«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությանն այս տարի առաջին անգամ մրցանական տրվեց նաև «Դեկորատիվ-կիրառական արվեստ» անվանակարգում․ մրցանակը շնորհվեց նկարիչ-խեղեցգործ Էլմիրա Չոփիկյանին։
Մրցանակները հանձնեցին մրցութային հանձնաժողովների նախագահները, որոնք իրենց ոլորտներում անվանի ու ճանաչված գործիչներ են։ Մրցանակակիրները շնորհակալություն հայտնեցին իրենց գործունեությունը բարձր գնահատականի արժանացնելու համար, քանի որ «Վահան Թեքեյան» մրցանակը պատվաբեր և պարտավորեցնող մրցանակ է։
Մրցանակաբաշխությանը կատարումներով հանդես եկավ Կոմիտասի անվան քառյակը։