06-11-2024 | 20:50
Իսրայելի հյուսիսում հրդեհներ են բռնկվել Լիբանանից հրթիռակոծության և անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով, հաղորդում են Ynet-ը և The Times of Israel-ը: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հրդեհը մարելիս վեց պահեստազորի զինծառայող վիրավորվել է:
Իսրայելի հրշեջ-փրկարար ծառայության տվյալներով՝ մի քանի տներ հրդեհվել են Կիրյաթ Շմոնա և Քֆար Գիլադի քաղաքներում։ Բացի այդ, հրդեհներ են գրանցվել Լիբանանին սահմանակից Գալիլեայի շրջանում։
Ընդհանուր առմամբ, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 30 հրշեջ բրիգադ։
«Ներկայումս դեպքի վայրում է Իսրայելի պաշտպանության բանակի նյութատեխնիկական ապահովման հրամանատարության հրշեջ գումարտակը, որն օգնություն է ցուցաբերում հրշեջներին և փրկարարներին։ Մեզ հաջողվել է հսկողության տակ առնել հրդեհները, և այս փուլում մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
Նախօրեին՝ հունիսի 3-ին, լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել էր Իսրայելի թիրախների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արձակման մասին։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ընդհանուր առմամբ արձակվել է առնվազն 30 հրթիռ։ Դրանք բոլորն ընկել են բաց տարածքում։