
11-07-2025 | 15:46
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կոչ է արել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին չմիջամտել Հայաստանի ներքին գործերին։ Այս մասին Միրզոյանը հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության գերագույն հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ հունիսի 30-ին Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով Լավրովի խոսքերը Հայաստանի իրավիճակի մասին։
«Մինչեւ մամուլի ասուլիսը հասցրի ծանոթանալ սիրելի գործընկերոջս՝ Լավրովի մեկնաբանությանը։ Պարոն Լավրովի տեղեկությունը թերի է եւ ոչ ճիշտ։ Եթե չեմ սխալվում, նա օգտագործել է «իշխանությունների պայքարը եկեղեցու դեմ» արտահայտությունը։ Լավրովի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Հայաստանում պայքար չի մղվում եկեղեցու դեմ։ Այն, ինչը նա նկատի ունի, ենթադրում է մի քանի եկեղեցականների մասնակցությունը քաղաքական գործունեությանը»,- հայտնել է նախարարը։
Ինչպես ավելացրել է Միրզոյանը, իրավապահների տեղեկացմամբ՝ խոսքը անօրինական հեղաշրջման պատրաստմանը կամ նախաձեռնմանը մասնակցության մասին է։
«Դա իրավական գործընթաց է եւ ՀՀ ներքին գործը։ Ավելի լավ կլիներ Լավրովը չմիջամտեր ՀՀ ներքին գործերին»,- խորհուրդ է տվել Միրզոյանը՝ նման կոչ հասցեագրելով ռուս պատգամավորներին եւ մեդիային։ Միրզոյանի կարծիքով՝ նրանք պետք է մեծ հարգանքով վերաբերվեն ՀՀ ինքնիշխանությանը եւ այլեւս երբեք չմիջամտեն Հայաստանի գործերին։
www.news.am