06-12-2025 | 18:33
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն և Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն՝ ծանոթանալու նորոգման և բարեկարգման ընթացիկ աշխատանքներին:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում նախարարի տեղակալը թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել թատրոնում և ծանոթացել դահլիճի վերանորոգման աշխատանքներին:
Թատրոնի տնօրենը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները՝ ընդգծելով, որ շուտով պատրաստ կլինի նոր դահլիճը, որն ապահովված կլինի նոր աթոռներով: Փոխվել է նաև պատերի գույնը, ինչը որակապես նոր միջավայր է ստեղծում հանդիսատեսի համար, ինչպես նաև կբացվեն մի քանի նոր հարթակներ՝ հնարավորություն ստեղծելով կազմակերպելու տարբեր ձևաչափերով ներկայացումներ:
Դանիել Դանիելյանը կարևորել է մշակութային հաստատությունների արդիականացումը՝ որպես հանդիսատեսի համար հարմարավետ և ժամանակակից միջավայր ապահովելու կարևոր միջոց:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն այնուհետև ծանոթացել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի շենքի՝ ավարտական փուլում գտնվող աշխատանքներին: Թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանի ուղեկցությամբ նա շրջել է թատրոնի նորակառույց շենքում, ծանոթացել կահավորման և նոր սարքավորումներով հագեցման վերջին փուլի աշխատանքներին: Թատրոնի նոր դահլիճը, որը նախատեսված է 230–240 հանդիսականի համար, ամբողջությամբ հագեցած է ԿԳՄՍ նախարարության տրամադրած վերջին սերնդի լուսաձայնային տեխնիկայով: Նախարարության աջակցությամբ ձեռք են բերվել նաև դահլիճի նոր նստատեղերը և դերասանական հանդերձասենյակների կահավորանքը։
Թատրոնի մի շարք այլ հատվածների կահավորման, ինչպես նաև հատուկ բեմական համակարգի ձեռքբերման աշխատանքները հնարավոր են դարձել մասնավոր հատվածի ներդրումներով: Շուտով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը կրկին կհյուրընկալի իր հանդիսատեսին։
Թատրոնի բացումից անմիջապես հետո հանդիսատեսին հնարավորություն կընձեռվի վայելելու երեք պրեմիերա՝ «Պենելոպե, օ՜ Պենելոպե», բեմադրությունը՝ Սիմոն Աբգարյանի, «Սուրբ Անտոնիոսի հրաշքը», բեմադրությունը՝ Նարինե Գրիգորյանի, «Քարը», բեմադրությունը՝ Անդրանիկ Միքայելյանի:
www.armenpress.am