
27-09-2023 | 19:16
Հայաստանում Իտալիայի դեսպանատանը «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոնի համահիմնադիր ու ղեկավար , պրոֆեսոր Կարլո Կոպպոլան եւ դոկտոր Սիրանուշ Քուարանտան խոսեցին բանաստեղծ Հրանտ Նազարյանցի եւ Բարիի հայ համայնքի մասին, այնուհետեւ ներկայացումներին հաջորդեց կինոնկար՝ Հրանտ Նազարյանցի մասին: Հայաստանում Իտալիայի փոխդեսպան Ջովանի Նիկոլա Դիոնսիսին նշեց, որ դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի համար հաճելի կլիներ միջոցառմանը ներկա լինել, սակայն նա գտնվում է Իտալիայում եւ Իտալիայում գտնվելու առիթներից մեկն էլ ՀՀ նախագահի այցն է:
Նա անդրադարձավ Իտալիայի դեսպանության եւ Հրանտ Նազարյանց մշակութային կենտրոնի համագործակցությանը, ասաց, որ դահլիճում գտնվելը իմաստավորում են երկու փոխկապակցված թեմաներ՝ հայերի պատմական ներկայությունը Բարիում եւ բանաստեղծ Հրանտ Նազարյանց կյանքը: «Հրանտ Նազարյանցը շփման կետ է եղել հայկական եւ իտալական մշակույթների միջեւ ոչ միայն այն պատճառով, որ ծագումով հայ է եղել եւ ապրել է Իտալիայում:
Նա իր ժամանակաշրջանում եղել է առաջիններից մեկը, ով Իտալիայում խոսել է հայերի մասին, մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդն իսկապես ուներ դրա կարիքը: Սրանք թեմաներ են, որ շարունակում ենք կիսել ու հետեւել մինչ օրս եւ մեր հանձնառություններից մեկն է ոչ միայն ճանաչելի դարձնել Իտալիան Հայաստանում, նաեւ Հայաստանը՝ Իտալիայում»,-ասաց փոխդեսպանը:
«Առավոտ»