06-12-2024 | 21:25
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մտադիր է 2025 թվականին այցելել Թուրքիա՝ նշելու Նիկեայի Առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը։ Այս մասին հայտնում է Daily Sabah թերթը՝ հղում անելով Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսին։
«Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը ցանկանում է միասին նշել այս կարևոր տարեդարձը»,- պատրիարքի խոսքերն է մեջբերում թերթը։
Նրա խոսքով, այժմ ստեղծվում է կոմիտե՝ կազմակերպելու Ֆրանցիսկոսի այցը Թուրքիա, և Վատիկանը շուտով կապ կհաստատի հանրապետության իշխանությունների հետ այդ հարցով։
Նիկեայի Առաջին ժողովը գումարվել է 325 թվականին Հռոմի Կոստանդին կայսրի կողմից Նիկեայում (այժմ՝ Իզնիկ քաղաքը Թուրքիայի Բուրսա նահանգի հյուսիս-արևմուտքում) և դարձել է առաջին Տիեզերական ժողովը քրիստոնեության պատմության մեջ։ Այն ձևակերպել է Հավատամքը՝ քրիստոնեական դոգմաների համառոտ ամփոփում, և սահմանել է Զատիկի տոնակատարության ժամանակը: Ժողովին մասնակցել է 318 եպիսկոպոս, այդ թվում Հայաստանից՝ Գրիգոր Լուսավորչի որդի Արիստակեսը։ Ըստ ավանդության` Արիստակեսը բերում է Նիկեական ժողովի որոշումները Հայաստան և ներկայացնում դրանք Գրիգոր Լուսավորչին, որը դրանք ներմուծում է Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ։