
14-03-2025 | 20:55
Մեկ դարից ավելի Հայաստանի ազգային գրադարանն ընդունել է ընթերցողների բազում սերունդներ, որոնց դերն անուրանալի է եղել և կա երկրի կարևորագույն ոլորտների առաջընթացում։
Ազգային գրադարանը հզոր ու ամուր հենասյուն է մեր երկրի համար. տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս ժամանակներում էլ, երբ փոխվել են ընթերցողների պահանջները, գրադարանը կարողանում է հետաքրքրել և համախմբել ընթերցասեր հանրույթին։
Արդեն մեկ դար և ավելի անփոխարինելի է Ազգային գրադարանի՝ հայ ժողովրդի գրքային մեծագույն ժառանգորդի դերը․ գրադարանից օգտվել են անվանի գրողներ, մեծանուն գիտնականներ ու ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ, որոնց կյանքն ու գործունեությունը համակ նվիրում է եղել կրթությանն ու գիտությանը։
Շնորհավորում ենք Մայր գրադարանի աշխատակիցներին, ընթերցողներին հոբելյանի առթիվ, մաղթում արգասաբեր գործունեություն և նոր ծրագրերի իրագործում։ Շարունակեք տարածել հայերեն գրքի բարեբեր սերմերը՝ ի բարօրություն Հայոց աշխարհի խաղաղության ու զարգացման։
Հայաստանի Թեքեյան մշակութային միություն