
24-05-2025 | 11:22
Հռոմի նորընտիր պապ Լևոն XIV-ը մանուկ հասակում սիրում էր հոգևորական խաղալ։ Այս մասին գրում է New York Times թերթը՝ հղում անելով պապի եղբորը՝ Լուի Պրևոստին:
«Որպես Չիկագոյի արվարձանում մեծացած տղա, ապագա Հռոմի պապը կովբոյ կամ բանկ կողոպտող չի նմանակել։ Դրա փոխարեն նա սիրում էր հոգևորական խաղալ», – գրում է թերթը։
Եղբոր խոսքով՝ ընտանիքում հաճախ էին կատակում, որ փոքրիկ Ռոբերտը մի օր Հռոմի քահանայապետ կդառնա։ Երեք եղբայրների մեջ նա էր, ով միշտ հանդես էր գալիս որպես հաշտարար:
Հիշեցնենք` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացավ ապրիլի 21-ի առավոտյան: Նոր պապի ընտրությունը սկսվեց մայիսի 7-ին և ավարտվեց մայիսի 8-ին։ Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սպիտակ ծուխ դուրս եկավ, ինչը նշանակում էր, որ թեկնածուներից մեկը հավաքել է ձայների 2/3-ը: Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Հռոմի 267-րդ պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն, որն ընդունել է Լևոն 14-րդ անունը։
www.hraparak.am