
25-04-2025 | 15:30
Եվրամիությունը որպես միավորում ստեղծվել է առեւտրի ոլորտում Միացյալ Նահանգներին վնաս հասցնելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուհի հետ ունեցած հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում։ «Եվրոպան մեզ հետ շատ վատ է վարվել։ Նրանք մեր մեքենաները չեն գնում։ Նրանք մեր գյուղատնտեսական արտադրանքը չեն գնում։ Նրանք գործնականում ոչինչ չեն գնում մեզանից։ Դրանով հանդերձ, նրանք տարեկան միլիոնավոր ավտոմեքենաներ են ուղարկում մեր մոտ։ Այդպես այլեւս չի լինի։ Պետք է լինի արդարություն եւ փոխադարձություն»,- ասել է նախագահ Թրամփը՝ ԵՄ-ԱՄՆ երկկողմ առեւտրի մասին խոսելիս։
Թրամփը նշել է, որ Եվրամիության հետ առեւտրի ոլորտում եղած խնդիրները պայմանավորված են ոչ միայն մաքսատուրքերի, այլ նաեւ այն պահանջների հետ, որոնք առաջադրվում են ԵՄ կողմից՝ դեպի միության տարածք ներկրվող ապրանքների հանդեպ, եւ խոչընդոտում են առեւտրի առաջընթացին։ Թրամփը նաեւ նշել է, որ Եվրամիությունը շահարկում է իր արժույթը, ինչը եւս առեւտրային խոչընդոտ է համարվում։
www.hraparak.am