25-01-2025 | 12:24
Եթե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որեւէ ձեւով չի սասանում Փաշինյանի «գահը», ապա ո՞րն է իմաստը, որ ՔՊ-ականները եւ իշխանության այլ քարոզիչները առավոտից երեկո դրա մասին են խոսում։
Ըստ երեւույթին, կա ինչ -որ բան, որն իրենց անհանգստացնում է։ Հակառակ դեպքում մի քանի տասնյակ ելույթներով ԱԺ-ում ու տարբեր եթերներում չէին փորձի «փչացնել» Բագրատ սրբազանին, մասնավորապես կապելով նրան Քոչարյանի եւ Ռուսաստանի հետ։
«Եկեղեցին հարկելու» սպառնալիքը նույն շարքից է: Ես բարձր կարծիքի չեմ ՔՊ -ականների ինտելեկտի մասին, բայց նրանց «շեֆը» ինչ-ինչ, բայց քաղաքական հոտառություն ունի: Ո՞րն է, ուրեմն, այդ շարժման յուրահատկությունը, որը տարբերվում է այն նախորդ շարժումներից՝ ի հեճուկս ՔՊ-ականների, որոնք պնդում են, որ ոչ մի տարբերություն չկա:
Ամենայն հարգանքով բոլոր քաղաքական գործիչների հանդեպ, արձանագրենք, որ Բագրատ սրբազանը Վազգեն Մանուկյան կամ Իշխան Սաղաթելյան չէ։ Դա ունի իր առավելությունները եւ թերությունները: Թերությունն, իհարկե, քաղաքական պայքարի մարտավարության նրբություններին չտիրապետելն է։
Չի կարելի պահանջ դնել՝ «քեզ հեռանալու մեկ ժամ ենք տալիս» եւ հետը չասել՝ «թե չէ այս բանը կանեմ»:
Նման սխալներն, ինչ խոսք, բազմաթիվ են:
Բայց կա նաեւ առավելություն, որը ես կանվանեի «էթիկական առանցք» կամ, եթե ուզեք՝ «պաթոս», որը չի սահմանափակում շարժման նպատակները զուտ իշխանափոխության պահանջով, այլ պարունակում է մարդկային եւ ազգային արժանապատվությունը վերականգնելու, վերագտնելու ուղերձը:
«Տաճարը հաղթելու է փողոցին», իմ կարծիքով, նշանակում է, որ փողոցային խուլիգանների մտածելակերպը, փողոցում մարդկանց վրա թքող «վերնախավի» աշխարհընկալումը պետք է փոխարինվի պարկեշտ, զուսպ, ոչ նյութական տեսլականներ ունեցող մարդկանց աշխարհընկալմամբ:
Դուք գուցե առարկեք, որ փողոցում բողոքողների եւ ընդհանրապես ընդդիմադիր հայացքներ ունեցողների թվում նույնպես կան խուլիգաններ եւ հայհոյախոսներ, եւ դա, ընդհանուր առմամբ, ճիշտ է: Բայց մի բան է, երբ կան այս կամ այն անհատներ, մեկ այլ բան՝ երբ խուլիգանությունը, մերժողականությունը, անհավատությունը, ցինիզմը «հավատամք» են:
Ահա այդ «հավատամքի» դեմ է դուրս եկել Բագրատ սրբազանի ղեկավարած շարժումը: Այս պահին, այո, այն վտանգ չի ներկայացնում Փաշինյանի համար՝ իշխանությունն ի վիճակի է փողոց հանել ավելի շատ ոստիկաններ, քան ընդդիմությունը՝ ցուցարարներ:
Բայց եթե հասարակությունն ընկալի այդ շարժման հիմնական ուղերձը, ոչ մի «գունավոր բերետավոր» չի կարողանա դրան խանգարել: Դա է իշխանությանը սարսափեցնում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ»