08-12-2024 | 15:58
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերը Պարսից ծոցում այսօր գրավել են իսրայելցի միլիարդատիրոջը պատկանող բեռնանավ. տեղեկացրել է Mehr-ը։
«MSC Aries» կոչվող նավը նավարկում էր պորտուգալական դրոշի ներքո, պատկանում էր իսրայելցու, որը կապված է լոնդոնյան ընկերություններից մեկի հետ։
Գրավելուց հետո, նավն ուղարկվել է Իրանի տարածքային ջրեր։
Իրանը պատասխանատվություն կկրի տարածաշրջանում բռնության թեժացման համար. այսօր հայտնել է Իսրայելի Զինված ուժերի ներկայացուցիչ, դերծովակալ Դանիել Հագարին, տեղեկացրել է Reuters-ը։ «Իրանը պատասխանատվություն կկրի իրավիճակի հետագա թեժացման համար։ Իսրայելը բարձր մարտական պատրաստվածության վիճակում է։ Մենք Իսրայելը բարձրացրել ենք իրանական հետագա ագրեսիայից պաշտպանելու մեր պատրաստվածությունը։ Մենք եւս պատրաստ ենք պատասխան տալ»,- նշվել է Հագարիի հայտարարությունում։
Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը Իրանի իշխանություններին մեղադրել է ծովահենության մեջ և կոչ է արել ԵՄ-ին և ամբողջ քաղաքակիրթ աշխարհին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել ահաբեկչական կազմակերպություն։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գրավել է ԵՄ անդամներից մեկին պատկանող պորտուգալական քաղաքացիական բեռնատար նավը և հայտարարել, որ այն պատկանում է Իսրայելին: Այաթոլլահ Խամենեիի ռեժիմը հանցավոր ռեժիմ է, որն աջակցում է ՀԱՄԱՍ-ի հանցագործություններին և այժմ ծովահենական գործողություն է իրականացնում՝ խախտելով միջազգային իրավունքը: Ես կոչ եմ անում Եվրամիությանը և ազատ աշխարհին անհապաղ հայտարարել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն և պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ»,-«X» սոցիալական ցանցում գրել է Կացը։