19-01-2026 | 12:37
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները չեն նահանջում եկեղեցու և Կաթողիկոսի հարցում: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Կաթողիկոսի հեռացման հարցի մասամբ երկրորդ պլան մղված լինելու փաստը կապված է իշխանությունների համար թիվ մեկ հարց դարձած ՔՊ-ի նոր վարչության ընտրություններով:
Ըստ իշխանական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ Կաթողիկոսի հեռացման հարցում նահանջ չի լինելու, առաջիկայում Փաշինյանը նորից կսկսի իր հորդորները Կաթողիկոսի հեռացման վերաբերյալ, կավարտի «Աստվածաշունչ կարդացածներով» ձևավորվելիք խորհրդի աշխատանքները և արդեն կոնկրետ քայլեր կձեռնարկվեն: Ի դեպ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների, Նիկոլ Փաշինյանն արդեն հստակ դիրքորոշում ունի Տեր Արամ քահանա Ասատրյանի «հալածանքի» առնչությամբ ու պատրաստ է նրան ամեն կերպ Կաթողիկոսի գահին հասցնելու:
Տեր Արամին ողջ իշխանական թևը հալածյալ է համարում «նախկինների» կողմից, ու նրան ամեն կերպ փայփայում են՝ առաջիկայում գործընթացներում ներառելու համար: Նա միակ և եզակի հոգևորականն է, որ խախտում է հայ առաքելական սուրբ եկեղեցու կուռ միասնականությունը և քննադատում է հոգևոր առաջնորդին»։
www.aysor.am