24-01-2025 | 21:29
«Ավետիս» լարային քառյակը մեծ տպավորություններով է վերադարձել Իտալիայից։ Քառյակը մասնակցել է երկու հեղինակավոր ՝ «Պրիմավերա Կիջանա» եւ «Տրամե Սոնորե» միջազգային փառատոների:
Մայիսի 29-ին Սիենայի Կիջի-Սարաչինի պալատում «Ավետիս» լարային քառյակին միացել է իտալաբնակ դաշնակահարուհի Մայա Օհանյանը: Կատարել են Դվորժակի, Բորոդինի եւ Միշել Պետրոսյանի ստեղծագործությունները:
Մանտուայի «Տրամե Սոնորե»-ում հանդես են եկել երեք համերգով՝ մայիսի 30-ին, 31-ին եւ հունիսի 1-ին, որտեղ Դվորժակի եւ Բորոդինի քառյակների կողքին հնչեցրել են Կոմիտասի բոլոր մանրանվագները:
«Կոմիտասի ստեղծագործությունները հանդիսատեսի կողմից մեծ ոգեւորությամբ ընդունվեցին եւ չնայած այն փաստին, որ փառատոնի համերգներին ընդունված չէ արտիստներին հրավիրել «բիս»-ի, սակայն հանդիսատեսն իր չդադարող ծափահարություններով ստիպեց, որ կրկնենք Կոմիտասի մանրանվագները», - նշեց քառյակի առաջին ջութակահար Անուշ Նիկողոսյանը:
Քառյակի ալտահար Հայկ Տեր-Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ փառատոնի հինգ օրերի ընթացքում տեղի է ունեցել մոտ 150 համերգ: «Բազում հեղինակավոր երաժիշտներ միաժամանակ հանդես էին գալիս քաղաքի տարբեր վայրերում, դրանք հիմնականում պատմական կառույցներ են՝ պալատներ, թանգարաններ…: Մենք ելույթ ունեցանք «Պալացցո Տե»-ում, որը մի հրաշագեղ պալատ-թանգարան էր՝ այգիներով շրջապատված:
Համերգներից հետո «Ավետիս» լարային քառյակը հրավերներ է ստացել հաջորդ տարի կրկին մասնակցելու վերը նշված փառատոներին, իսկ 2025թ.-ի մարտին ելույթ կունենան Մոդենայի Պավարոտիի անվան օպերային թատրոնում: «Ավետիս» լարային քառյակն ակտիվ համերգային գործունեություն է ծավալում նաեւ Հայաստանում:
Երաժիշտները հունիսի 17-ին հրաշալի ծրագրով հանդես եկան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Քառյակին միացել էին դաշնակահար Վահագն Պապյանը (Հայաստան-Իսրայել) եւ կլարնետահար Վալենտին Ուրյուպինը (Ռուսաստան-Գերմանիա), ովքեր նաեւ լայն համերգային գործունեություն են ծավալում որպես նաեւ դիրիժորներ:
Հիշեցնենք, որ «Ավետիս» լարային քառյակի առաջին համերգը կայացել է 2024թ. մարտի 12-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, իսկ քառյակի երաժիշտներն են՝ առաջին ջութակ՝ միջազգային մրցույթների դափնեկիր Անուշ Նիկողոսյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտներից՝ երկրորդ ջութակ՝ ֆիլհարմոնիկի կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարմեն Թոսունյանը, ալտ՝ ֆիլհարմոնիկի ալտահարների կոնցերտմայստեր Հայկ Տեր-Հովհաննիսյանը եւ թավջութակ՝ ֆիլհարմոնիկի առաջատար թավջութակահար Միքայել Նավասարդյանը:
«Առավոտ» օրաթերթ