04-12-2024 | 21:56
«Սա, պետք է ասել, Չ-երի պայքար է՝ չհոգևորական, չուսուցիչ, չդասախոս, չդիվանագետ, չբժիշկ, չզինվորական: Կան բազմաթիվ հոգևորականներ ու կան բազմաթիվ չհոգևորականներ»,-«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը սարկազմով անդրադարձավ Փաշինյանը։
Նա շարունակեց Չ-երի թեման. «Այն մարդիկ, որոնք գալիս, ասում են՝ մենք չակնկալիքների շարժում ենք անում, դա ուղիղ տանում է դեպի չպետություն, չինքիշխանություն, չանկախություն, չքաղաքացիություն։ Նրանք ուզում են, որ ՀՀ-ում մարդիկ Երեւան քաղաքի կենտրոնի սրճարանում նստած երազեն Կարսի մասին, եւ այդպիսով կորցնեն Երեւանը: Ստեղ է իրական եւ պատմական Հայաստանների տարբերությունը: Նրանք ուզում են, որ մարդիկ իրական Կապանում նստած երազեն Զանգելանի կամ իրենք են ասում՝ Սանասարի մասին եւ դրանով կորցնեն իրական Կապանը: Սա է կոնցեպտուալ բանավեճը:
Իրական Հայաստանը ապագայի մասին է: Երբ ասում ենք՝ ապագա կա, այ սա է այդ ապագան»,-ասաց Փաշինյանը ցույց տալով 1976 թվականի Խորհրդային Հայաստանի քարտեզը։
«Այս քարտեզները նկարագրում են ՀՀ դե յուրե սահմանները: Մենք այս քարտեզների 19 էջերով վերարտադրել ենք ՀՀ սահմանի ամբողջ պարագիծը», – ասաց նա:
Փաշինյանն ասաց, թե սրանով ընդգծվել է ՀՀ ինքնիշխան տարածքը:
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա քննադատեց շարժումը ղեկավարող հոգևորականին՝ ակնհայտ շեշտելով, որ հոգևորականի՝ քաղաքականության մեջ հայտնվելը նրա համար անընդունելի է։
«Քաղաքականության մեջ հայտնվում է այն հոգևորականը, որն Աստծո շեմին չի կարող մոտենալ, փակ են Աստծո շեմերը նրա համար, հետևաբար, բացվում են դելյուքս հյուրանոցների շեմերը»,- ասաց նա։
Azg.am