
09-02-2025 | 12:32
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, լիովին չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում ասել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։
Կարասինն ընդգծել է, որ Գրիգորյանը պետք է ծանոթանա այս հարցում հայ քաղաքական գործիչների հայտարարություններին։
«Սա բացարձակապես ճիշտ չէ։ Պետք է անդրադառնալ հայ քաղաքական գործիչների, այդ թվում՝ բարձրագույն ղեկավարության գրառումներին ու ելույթներին։ Այս հարցերի պատասխանները պարունակվում են այնտեղ։ Այս գրառումները հայտնի են, թող կարդա»,- ասել է Կարասինը։
Ավելի վաղ Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ռուսաստանը «Լեռնային Ղարաբաղը վերցրեց Հայաստանից, վերադարձրեց Ադրբեջանին և հեռացավ» այն պայմաններում, երբ Երևանը լիովին կախված էր Մոսկվայից։