04-12-2024 | 21:56
Գրեթե 8000 մարդ է տարհանվել Ուկրաինայի Խարկովի մարզի երեք շրջաններից: Այս մասին հայտնել է մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովն իր Telegram ալիքում։
Նախօրյակին Սինեգուբովը հայտնել էր, որ ավելի քան 7000 մարդ է տարհանվել Ռուսաստանի հետ սահմանակից շրջաններից։
«Ներկայում տեղացի 2202 բնակիչ տարհանվել է Չուգուևի, 3533-ը՝ Խարկովի, 79-ը՝ Բոգոդուխովի շրջաններից, և 2177 մարդ տարհանվել է կամավորների կողմից: Ընդամենը տարհանվել է 7991 մարդ», - գրել է Սինեգուբովը։
Խարկովի և Բոգոդուխովի շրջանները Բելգորոդի հատվածում սահմանակից են Ռուսաստանին։ Մայիսի 10-ին Խարկովի մարզի Վոլչանսկի քաղաքային վարչակազմի ղեկավար Թամազ Գամբարաշվիլին հայտնել էր Վոլչանսկի և հարևան բնակավայրերի բնակիչների տարհանում սկսելու մասին։
Ավելի վաղ Խարկովի մարզի՝ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած հատվածի վարչակազմի ղեկավար Վիտալի Գանչովը հայտարարել էր, որ տարածաշրջանում մարտեր են ընթանում շփման գծի մի քանի հատվածներում, այդ թվում՝ սահմանամերձ շրջաններում։
ՌԴ զինված ուժերը վերահսկում են Խարկովի մարզի մի մասը, որը հարում է Ռուսաստանի Բելգորոդի մարզին։