09-09-2024 | 11:20
Ռուսաստանը կոչ է անում Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ծայրահեղ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների աճի և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման կապակցությամբ։ Առկա տեղեկությունների համաձայն՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը գնալով վատթարանում է։ Ցավով պետք է արձանագրենք, որ մատակարարումների դադարեցման պատճառով Ղարաբաղի բնակչությունը կարող է հայտնվել առանց սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղամիջոցների պաշարների: Դա հակասում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին»,- ասել է Զախարովան։
«Մենք կոչ ենք անում Բաքվին և Երևանին բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով: Կոչ ենք անում ադրբեջանական կողմին ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել քաղաքացիական նպատակներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը դրա երկայնքով», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Հայաստանն Արցախի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, փակ է 2022 թվականի դեկտեմբերից։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքի մուտքի Հակարի գետի կամուրջը և անցակետ տեղադրել։