08-12-2024 | 15:58
Կրեմլում հերքել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին մամուլում հայտնված տեղեկությունները։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
«Ոչ մի զրույց չի եղել։ Սա վառ օրինակ է այն տեղեկատվության որակի, որն այժմ հրապարակվում է երբեմն նույնիսկ բավականին հարգված լրատվամիջոցներում։ Սա բոլորովին չի համապատասխանում իրականությանը։ Սա ամբողջովին հորինվածք է, ուղղակի կեղծ տեղեկատվություն», - լրագրողներին հայտնել է Պեսկովը։
Ավելի վաղ The Washington Post-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Պուտինն ու Թրամփը նոյեմբերի 7-ին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել, մասնավորապես, Ուկրաինայում ընթացող հակամարտությունը։ Ըստ հրապարակման՝ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին խորհուրդ է տվել չէսկալացնել Ուկրաինայում ընթացող պատերազմը և նրան հիշեցրել է Եվրոպայում ԱՄՆ-ի բավական մեծ ռազմական ներկայության մասին։
www.armenpress.am