10-11-2025 | 13:49
Հանրային կարծիքի ուսումնասիրության Համառուսաստանյան կենտրոնը հարցման համաձայն՝ Ռուսաստանի բնակչության միայն երկու տոկոսն է իրեն կրոնական ինքնության կրող համարում: Հարցման ենթարկվածների գերակշիռ մեծամասնությունը ինքնագիտակցվում է «որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի»: Տեղեկությունը փոխանցում է «Նեզավիսիմայա գազետան» և արձանագրում, որ 2019 թվականի հարցման արդյունքներով ռուսաստանցիների 60 տոկոսն ինքնագիտակցվել է «իբրև ուղղափառ քրիստոնյա»:
Արտառոց է, որ թերթի մեկնաբանը Ռուսաստանի «քաղաքացիական համերաշխության երաշխիք» է գնահատում կրոնական ինքնության ցուցանիշի նման կտրուկ անկումը: Նրա կարծիքով, «յուրաքանչյուր պետական հանրության ամրությունը պայմանավորված է քաղաքացիական ինքնությամբ»: Ընդգծենք, որ խոսքն Ռուսաստանի մասին է, մի երկիր, որի պետական-հանրային գոյությունը դարեր շարունակ խարխսված է եղել «հայրենիք-հավատ-թագավոր» եռամիասնության վրա: Եվ այդ ինքնգիտակցումն այնքան խորն է եղել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ստալինը գրեթե պաշտոնապես արտոնել է Ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունը:
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի, ՌՈՒԵ հեղինակությունը բարձր է եղել նաև հետխորհրդային առաջին տարիներին: Այսօր կրոնական ինքնության առումով Ռուսաստանում փաստացի աղետալի վիճակ է, բայց «Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբանը ձևակերպում է, որ դա համաշխարհային երևույթ է, «նույնիսկ իսլամական պետություններն են ձերբազատվում մոլեռանդությունից և անցում կատարում դեպի քաղաքացիական հասարակություն»: Նա նույնիսկ ահազանգում է, որ Ռուսաստանում հոգեւոր ինքնության ջատագովները «փորձում են երկիրը վերադարձնել միջնադար, թուլացնել նրա դիմադրողականությունը»:
Հայաստանում այսօր, ընդդիմությունը և հանրային մի շարք գործիչներ հաստատապես պնդում են, որ «հայ ինքնության հիմքը Եկեղեցին է»: Որևէ մեկը սոցիոլոգիական ուսումնասիրություն կատարե՞լ է, որպեսզի պարզի, թե Հայաստանի երեք միլիոն քաղաքացիների քանի՞ տոկոսն է ինքնագիտակցվում որպես հավատացյալ, քանիսը՝ Հայ առաքելական եկեղեցու կամ որևէ այլ կրոնական կառույցի հետևորդ, քանի՞ տոկոս են կազմում բացարձակ աթեիստները և այլն: Ամենակարևորը՝ կա՞ ստույգ տեղեկություն, թե բնակչության ո՞ր տոկոսն է նախապատվություն տալիս քաղաքացիական, ո՞րը՝ էթնիկ-հոգևոր կամ քաղաքակրթական ինքնությանը:
Եթե միջուկային գերտերություն Ռուսաստանում համոզված են, որ կրոնական, էթնիկ-հոգևոր ինքնության ջատագովությունը «թուլացնում է երկրի դիմադրողականությունը», ապա ի՞նչ ասել Հայաստանի մասին, որտեղ արտաքին ազդեցությունները «միջանցիկ քամու ավերածություններ են գործում» գրեթե ամեն մի բնագավառում և յուրաքանչյուր քայլափոխի: Կարելի՞ է համարել, որ Ռուս ուղղափառ եկեղեցու հանրային ազդեցության ճակատագրական անկումը պետության, իշխանությունների, անձամբ նախագահ Պուտինի կողմից պատրիարք Կիրիլի և առհասարակ ՌՈՒԵ դեմ «հալածանքների հետևանք է»: Եվ այդ համատեքստում ինչպե՞ս հասկանալ Հայ առաքելական եկեղեցու համար Կիրիլ պատրիարքի խորհրդական Բալաշովի «խոր մտահոգությունը»: Եթե կրոնական ինքնությունը «թուլացնում է Ռուսաստանի դիմադրողականությունը», Հայաստանի համար այն կարող է «ամուր իմունիտե՞տ ապահովել»: Թե Հայաստանին կրոնական ինքնություն «պարտադրելով» փորձ է արվում «վերացնել պետական-քաղաքական-քաղաքացիական ինքնությո՞ւնը»:
www.1in.am