10-11-2025 | 15:26
Հովվական առաքելությունն անդադրում և հոգսաշատ ջանասիրություն է։ Հովիվը պետք է, համաձայն աստվածահաճո Պողոսի, լինի «բոլորի հետ ամէն ինչ» (Պօղոս Առաքեալի առաջին թուղթը՝ 9:22), որպեսզի իր ինքնամոռաց առաքելությամբ «թերեւս փրկի ոմանց»։ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իրագործում է սիրո և Հայ Առաքելական եկեղեցուն, Եկեղեցու հավատարիմ զավակներին և Քրիստոսից սփոփանք փնտրող ամենքին նվիրաբերման այս սխրանքը։ Փորձության պահին նրա իմաստուն խոսքը ակնածանքով և հույսով է լցնում հավատացյալների սրտերը՝ ուժ հաղորդելով և օգնելով հաղթահարել դժվարությունները։ Իսկ Հայ Առաքելյական Եկեղեցին, առերեսվելով կրթական գործունեության ընթացքում ծագած բազում մարտահրավերներին, զգալի ազդեցություն ունի քրիստոնեական արժեքների հիման վրա երիտասարդ սերնդի դաստիարակության հարցում։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կրթական գործունեությունը ծավալուն է ու բովանդակալից։ Դեռևս 90-ական թվականների սկզբում Վեհափառ Հայրապետը, հանդիսանալով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, նախաձեռնեց այդ տարիներին լքված, խորհրդային շրջանում պիոներ պալատներ հանիսացող շենքերի վերականգնումը և վերագործադրումը որպես հայորդաց տներ։ Ծրագիրը ենթադրում էր հոգևոր և գեղարվեստական դաստիարակություն հաղորդել դպրոցական տարիքի հազարավոր երեխաներին։ Սկզբում հայորդաց տները երեքն էին և գործում էին Երևանում, յուրաքանչյուրն ուներ գեղարվեստական կրթության տարբեր ուղղվածությամբ տասնյակ խմբակներ։ Նորին Սրբության նախաձեռնությունն իրականացվում էր Հայկական բարեգործական ընդհանուր միության նյութական օժանդակությամբ։
Անցած երեք տասնամյակների ընթացքում հազարավոր երեխաներ հանդիսացան Հայորդաց տների սաներ, սովորեցին արվեստ և արհեստ, հայրենասիրական կրթության դասեր առան։ Նրանց հասանելի դարձան մեր ժողովրդի հոգևոր արժեքները։ Հայորդաց տների համակարգն այսօր ընդգրկում է ութ խոշոր հաստատություն ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում, Աշտարակում, Էջմիածնում ու Վանաձորում։ Կարելի է հստակ արձանագրել, որ նման ծավալով, բովանդակայի արդյունքով այս ձեռնարկումը Հայաստանի անկախության ժամանակաշրջանում աննախադեպ է։
Առաջին ղարաբաղյան պատերազմի ծանր տարիներին, երբ մութ էր պատել երկիրը, Հայորդաց տները «լույս էին տալիս» հարյուրավոր երիտասարդների, լավատեսական հույս ներշնչում ազգային ապագայի նկատմամբ։
Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն (այժմ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս) ամեն օր զբաղվում էր Հայորդաց տների կազմակերպչական և նյութական խնդիրներով՝ հանդիսանալով քահանայական ծառայության բացառիկ օրինակ։
Նորին Սուրբ Օծության կողմից կարևորագույն տեղ է հատկացվում Գևորգյան հոգևոր ճեմարանի գործունեությանը։ Այդ մոտեցումը բնական է՝ Ճեմարանը եղել է և հանդիսանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գլխավոր ուսումնական հաստատությունը։
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հանդիսանալով Գևորգյանի շրջանավարտ, հետագայում դասավանդելով հաստատությունում, ամենօրյա ուշադրության էր արժանացնում Ճեմարանի սաների ուսումնակրթական գործընթացին, կենցաղային պայմաններին։ Վեհափառ Հայրապետի անմիջական ջանքերով 2002 թվականին Ճեմարանն ստացավ բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ, հիմնովին վերանորոգվեց հաստատության շենքը։ Կարող ենք անձնապես վկայել, որ Վեհափառը բացառիկ ուշադրություն է ցուցաբերում Ճեմարանի դասախոսական կազմի ձևավորմանը։ Այդ գործում սկզբունքը հետևյալն է՝ Գևորգյանում պետք է դասավանդեն երկրի լավագույն մասնագետները, ճանաչված գիտնականներն ու մանկավարժները։
1990 թվականին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ հիմնադրվեց Սևանի Վազգենյան դպրոցը։ Վեհափառ Հայրապետի մեծագույն ջանքերի արդյունքում 2004 թվականին ավարտվեց Վազգենյան դպրոցի մասնաշենքը։ 2000 թվականին Վազգենյան դպրանոցի 10-ամյակին նվիրված հանդիսությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես նշեց․ «Տարիներ առաջ, երբ այցելեցի Սևանա կղզի, Խրիմյան Հայրապետի ընծայարանի շենքի առջև, հայացքս հառած բարձունքում մենավոր կանգնած, կարծես սրբացած հայոց վանքերին, հանկարծ մտածում և ներշնչանք ունեցա հոգևոր-կրթական հաստատությամբ օժտելու այդ մենաստանը, այդ կղզին․․․Մեր երազը դարձավ իրականություն՝ շնորհիվ անձնվեր մանկավարժների, շնորհիվ քաջ, արի, նվիրյալ մեր սաների։ Բազմաթիվ փորձությունների, վտանգների միջով անցավ կրթական մեր կյանքը Սևանի դպրանոցում, եղան պահեր, երբ թվում էր, թե պիտի փակվի, լուծարվի կրթական այդ հաստատությունը, բայց սերը, երազը, նպատակը, տեսիլքը, որ ունեին դպրանոցի սաներն ու դասախոսական կազմը, նրանց ոգի հաղորդեց, ուժ ու կամք պարգևեց՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները»։
Իրապես, սերը, երազը, նպատակը, տեսիլքը առաջնորդում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին իր բոլոր աստվածահաճո ծրագրերի իրականացման գործում։
2009 թվականին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ի կողմից հիմնադրվեց «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հաստատությունը։ Դպրոցի շենքը կառուցվեց Էդուարդո Էռնեկյանի հավոնավորությամբ։ Լինելով Վեհափառ Հայրապետի ուշադրության կենտրոնում, դպրոցը լավագույններից է տարածաշրջանում։ Այդ մասին վկայում են հաստատությունում սովորելու ցանկություն ունեցողների՝ տարեցտարի թվական պատկառելի աճը։ Էօրնեկեան հանրակրթական հաստատությունը, անշուշտ, դպրոցական համակարգի լավագույն օրինակներից է հանրապետությունում։
2011 թվականին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնության խոսք ուղղեց Մանկավարժական համալսարանի շրջանավարտներին՝ հանրակրթական դպրոցների ապագա ուսուցիչներին։ Հայրապետը մասնավորապես ասաց․ «Երիտասարդ սերնդի կրթությունն ու դաստիարակությունը յուրաքանչյուր ազգի հուսալի ապագայի կարևոր պայմաններից է, եթե ոչ՝ գլխավոր երաշխիքը, քանզի կյանքի բոլոր ոլորտներում գիտելիքներն ու հմտությունները սկսվում են ուսուցանելուց և ուսանելուց։ Մատաղ սերնդին գիտության տառը սովորեցնելուց բացի, կարևոր է նաև նրանց հոգևոր ներաշխարհի ու ազգային նկարագրի ձևավորումը` հիմնված քրիստոնեական մեր հավատքի և ազգային մեր արժեքների վրա: Հայոց ուսուցչապետեր և առաջին ուսուցիչներ Սահակ Պարթև Կաթողիկոսի, Մեսրոպ Մաշտոց վարդապետի և դարեր շարունակ անխոնջ ջանքով սերուդներ կրթած մեր մեծ մանկավարժների արդար երախտիքով մեր ժողովուրդը պահպանեց քրիստոսադրոշմ իր հավատքը, ինքնությունն ու մշակույթը, մեր Եկեղեցին ու հայրենիքը սիրելու և պաշտպանելու ոգին ու կամքը, հայրենի պետականությունը կերտելու երազն ու ձգտումը»:
Հայրապետի կոչն էր ապագա մանկավարժներին՝ պահպանել ազգային մեծերի կերպարն ու օրինակը, աշխատանքում դարձնել առաջնորդող ուժ, ոգեշնչման աղբյուր և դժվարություններ հաղթահարելու զորություն։
Առաջնորդվենք ու հավատարիմ մնանք Վեհափառ Հայրապետի պատգամին։
Ռուբեն Միրզախանյան,
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Մշակույթի վաստակավոր գործիչ
<<Էջմիածին>> ամսագիր, Nº Ժ, էջ 28-31, 2022թ․