
22-03-2025 | 22:09
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում մանրամասներ է հայտնում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև փետրվարի 15-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։
«Փետրվարի 12-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հեռախոսազրույցից հետո արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են պահպանել հաղորդակցության ուղիները ռուս-ամերիկյան հարաբերություններում կուտակված խնդիրները լուծելու համար՝ նախկին վարչակազմից ժառանգած փոխշահավետ առևտրային, տնտեսական և ներդրումային համագործակցության միակողմանի խոչընդոտները վերացնելու համար։
Նշվել է փոխադարձ տրամադրվածությունը հրատապ միջազգային հարցերի շուրջ, ներառյալ՝ Ուկրաինայի, Պաղեստինի և առհասարակ Մերձավոր Արևելքի և տարածաշրջանային այլ ոլորտներում իրավիճակի կարգավորման համագործակցության վերաբերյալ։
Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել 2016 թվականին Օբամայի վարչակազմի կողմից ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության պայմանների առավելագույն խստացման քաղաքականությանն արագ վերջ դնելու ուղիների շուրջ, ինչն, իհարկե, ենթադրում էր պատասխան միջոցներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շատ մոտ ապագայում կազմակերպել փորձագետների հանդիպում՝ համաձայնեցնելու կոնկրետ քայլեր՝ փոխադարձաբար վերացնելու համար Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին առաքելությունների աշխատանքի խոչընդոտները։
Սերգեյ Լավրովը և Մարկո Ռուբիոն հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղ աշխատելու՝ նախագահների կողմից սահմանված տոնով վերականգնելու փոխադարձ հարգալից միջպետական երկխոսությունը։ «Մենք պայմանավորվեցինք կանոնավոր շփումների մասին, դրանց թվում՝ ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստման համար»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Ավելի վաղ РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրին, հայտնել էր ԱՄՆ նախաձեռնությամբ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցի մասին։