14-10-2024 | 14:26
Խոր վշտով տեղեկացանք Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամ, «Վահան Թեքեյան» մրցանակակիր Ֆելիքս Բախչինյանի անժամանակ մահվան լուրը։
Գրող, թարգմանիչ, գրականագետ Ֆելիքս Բախչինյանը ծնվել է 1950 թվականի սեպտեմբերի 22-ին, Ալավերդիում։ 2001 թվականից Հայաստանի գրողների միության անդամ էր։
2022 թ․ Ֆելիքս Բախչինյանն արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Վերջին մանկություն» վեպի համար։
Աշխատել է «Լոռի» շրջանային և «Հայաստան» հանրապետական թերթերի խմբագրություններում, եղել է Ալավերդու քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ, Թումանյանի շրջանի գրադարանների կենտրոնացված համակարգի հիմնադիր տնօրեն, Հայաստանի գրողների միության նախագահի և Լոռու մարզպետի խորհրդական, հիմնադրել է «Հայոս-Քարթլոս» հայ-վրացական գրական անկախ հանդեսը, 1994 թվականին՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամը։
Բազմաթիվ պատմվածքների, վեպերի, գրականագիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է։
Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչություն