07-10-2024 | 13:51
90 տարեկանում մահացել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, օդաչու-տիեզերագնաց Վլադիմիր Ակսենովը։ Այս մասին հայտնում է Ռոսկոսմոսի մամուլի ծառայությունը :
«Այս կորուստը դժվար է և անփոխարինելի։ 90 տարեկանում մեզանից հեռացավ նպատակասլաց, պահանջկոտ, արդյունավետ ու արդար մարդ, միշտ պատրաստ մարդկանց օգնելու։ Նրա կյանքի ուղին լցված էր հայրենիքին ազնիվ ծառայությամբ, ստեղծագործ աշխատանքով և նվիրումով իր ընտրած գործին»,- ասել է պետական կորպորացիայի ղեկավար Յուրի Բորիսովը։
1980 թվականին Վլադիմիր Ակսենովն իրականացրել է այն ժամանակ նոր «Սոյուզ T-2» տիեզերանավի առաջին փորձնական թռիչքը ։
Ակսենովը ծնվել է 1935 թվականի փետրվարի 1-ին Ռյազանի շրջանի Գիբլիցի գյուղում։ 1953 թվականին ավարտել է Միտիշչիի մեքենաշինական ուսումնարանը, որից հետո սովորել է նաև Կրեմենչուգի ռազմական ավիացիոն դպրոցում, ինչպես նաև Չուգուևի օդաչուների ռազմական ավիացիոն դպրոցում։
Նրա առաջին թռիչքը դեպի տիեզերք տեղի ունեցավ 1976 թվականի սեպտեմբերին։ Ակսենովը «Սոյուզ-22» տիեզերանավի վրա եղել է որպես թռիչքային ինժեներ, նրա գործընկերը՝ տիեզերագնաց Վալերի Բիկովսկին։ Թռիչքը տեղի է ունեցել սոցիալիստական երկրների հետ համագործակցության Intercosmos ծրագրի շրջանակներում եւ տեւել է ավելի քան յոթ օր։ Այս թռիչքի համար Ակսենովին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։
Թռիչքներից հետո Վլադիմիր Ակսենովը շարունակել է աշխատել Յու.Ա.Գագարինի անվան տիեզերագնացների ուսումնական կենտրոնում։ Տիեզերագնացների կորպուսում աշխատել է մինչև 1988թ.։
1999 թվականին լույս է տեսել նրա «Անվտանգության պատրանքը» աշխատությունը՝ նվիրված ժամանակակից ռազմական դոկտրիններում միջուկային զենքի կիրառման խնդիրներին։
2011 թվականին Ռյազանի Ցիոլկովսկի փողոցում բացվել է Վլադիմիր Ակսենովի հուշարձանը ։