
18-06-2025 | 15:35
Ամերիկացի հայտնի գյուտարար և ֆուտուրոլոգ Ռայմոնդ Կուրցվեյլը նանոռոբոտները համարում է այն բանալին, որը մարդկանց հնարավորություն կընձեռի հաղթահարել կյանքի 120-ամյա սահմանը, գրում է Popular Mechanics պարբերականը։
Ինչպես նա գրում է իր առաջիկա ՝ The Singularity Is Coming գրքում, կենսատեխնոլոգիայի միաձուլումը արհեստական բանականության հետ վաղ թե ուշ հանգեցնելու է նրան, որ նանոտեխնոլոգիաները կօգնեն լիովին հաղթահարելու մեր կենսաբանական օրգանների սահմանափակումները:
«Երկարակեցության հետազոտողները պնդում են, որ միակ լուծումը բուն ծերացման բուժումն է: Կարճ ասած՝ մեզ անհրաժեշտ է առանձին բջիջների և տեղային հյուսվածքների մակարդակով վերացնել ծերացման հետևանքով առաջացած վնասվածքները:
Այս նպատակին հասնելու համար ներկայում ուսումնասիրվում են բազմաթիվ հնարավորություններ, բայց կարծում եմ, որ ամենահեռանկարային լուծումը նանոռոբոտներն են»,- գրում է ամերիկացի գյուտարարը։
Կուրցվեյլը համամիտ է կենսաբժշկական հերոնտոլոգ (ծերաբան) Օբրի դե Գրեյի այն տեսակետի հետ, ըստ որի՝ մինչև 1000 տարի ապրած առաջին մարդը, ամենայն հավականանությամբ, արդեն ծնվել է:
«Եթե նանոտեխնոլոգիաները 2050 թվականին ծերացման խնդիրները լուծի այն աստիճան, որ 100 տարեկան մարդիկ կարողանան ապրել մինչև 150 տարեկան, ուրեմն մինչև 2100 թվականը մարդկությունը ժամանակ կունենա լուծելու այդ տարիքում առաջացող բոլոր նոր խնդիրները։
Քանի որ մինչ այդ արհեստական բանականությունն առանցքային դեր կխաղա հետազոտության մեջ, այս ընթացքում առաջընթացն էքսպոնենցիալ (exponential) կլինի»,- ընդգծում է ֆուտուրոլոգը։
Միևնույն ժամանակ, գյուտարարը խոստովանում է, որ ներկա փուլում այս բոլոր կանխատեսումները գուցե անհեթեթ են հնչում, բայց նա համոզված է, որ դա բժշկական նանոռոբոտների օգնությամբ հաստատելու համար հիմնավոր պատճառներ կան։
Նա կարծում է, որ ներկառուցված սենսորներով, մանիպուլյատորներով, համակարգիչներով, հաղորդակցիչներով և նույնիսկ էներգիայի աղբյուրներով բջիջի չափով նանոռոբոտները կարող են գործել մարդու արյան շրջանառության համակարգում:
Յուրաքանչյուր օրգանիզմի՝ քայքայվող օրգանները վերականգնելու և մեծացնելու համար մի քանի հարյուր միլիարդ նանոռոբոտ կպահանջվի:
Կուրցվեյլը հավատում է, որ տեխնոլոգիաների շնորհիվ ավելի երկար ապրելու հնարավորություն կստեղծվի։ Նա պնդում է, որ նանոտեխնոլոգիան զարգացմանը զուգահեռ, նանոբոտների դերը մարդու մարմնում միայն կավելանա: Ինչ-որ պահի մարդու օրգանիզմը կարող է ավելի քան 99,9%-ով ոչ կենսաբանական դառնալ:
Նա պատկերացնում է մի իրավիճակ, երբ տեխնոլոգիան լիովին վերահսկում է ԴՆԹ-ի հաջորդականությունը, մարդու մարմինը հասկանալու արհեստական բանականության կարողությունը մեզ հնարավորություն կընձեռի վերացնել խնդիրները, նախքան դրանց ի հայտ գալը, նանոհամակարգիչները կվերահսկեն մեր մարմնի գործունեությունը, կարտագրեն ԴՆԹ-ն և կվերահսկեն բջիջները, ու ( ինչ-որ պահի) մեր արյունը և ուղեղի հյուսվածքը կփոխարինվեն նանոբոտներով, որոնք մեզ ուղղակիորեն կառավարող մեքենաների հետ են կապելու:
Կուրցվեյլը համարում է, որ 2040-ական կամ 2050-ական թվականներին մեր մարմիններն ու ուղեղներն այն աստիճան կվերակազմավորվեն, որ դուրս կգան այն ամենից, ինչ այսօր գիտենք:
«Քանի որ նանոտեխնոլոգիան զարգանում է, մենք կկարողանանք ըստ ցանկության օպտիմալացված մարմիններ ստեղծել: Մենք կկարողանանք շատ ավելի արագ և երկար վազել, լողալ և շնչել ձկների պես և ցանկության դեպքում նույնիսկ աշխատանքային թևեր «առնել»:
Մենք միլիոնավոր անգամ ավելի արագ կմտածենք, բայց, որ ավելի կարևոր է, մեր ողջ մնալը մեր ոչ մի օրգանից կախված չի լինի»,- ընդգծում է ֆուտուրոլոգը։