08-12-2024 | 15:58
Սիերա Լեոնեում արտակարգ դրություն է հայտարարվել սինթետիկ կանաբինոիդներից և մարդու ոսկորներից պատրաստված «քուշ» թմրադեղի պատճառով: Այն շատ էժան է նույնիսկ աֆրիկյան աղքատ երկրի չափանիշներով, սակայն արագորեն կախվածություն է առաջացնում:
Սիերա Լեոնեի մայրաքաղաք Ֆրիթաունի փողոցներում հեշտ է նկատել քուշից կախվածություն ունեցողներին: Նրանք զոմբիների պես աննպատակ պտույտ են գործում՝ կռացած և գլուխները թեքված: Նրանցից շատերի ձեռքերն ու ոտքերն այտուցվել են վարակների պատճառով։
Սիերա Լեոնեի նախագահ Ջուլիուս Մաադա Բիոն ազգին ուղղված հեռուստաուղերձում խոսել է թմրամոլության պատճառով երկրի առջեւ ծառացած գոյաբանական սպառնալիքի մասին: Նա նշել է որ առանձնապես վտանգավոր է քուշը։ Նախագահն ընդգծել է, որ այդ թմրադեղի օգտագործման պատճառով երկրում մահացությունների թիվը սրընթաց աճել է։ Միաժամանակ, Սիերա Լեոնեում քուշի սպառողների շրջանում զոհերի թվի վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չկա։
Ֆրիթաունցի մի անանուն բժիշկ BBC News-ի լրագրողին ասել է, որ վերջին ամիսներին քաղաքում հարյուրավոր մահեր են գրանցվել թմրանյութից կախվածությունից: 1865 մարդ էլ քուշ օգտագործելուց հետո ընկել է Սիերա Լեոնեի միակ հոգեբուժարան։
Սիերա Լեոնեի հոգեբուժական հիվանդանոցի հիվանդների 63 տոկոսը ընդունվել է քուշի հետ կապված խնդիրների պատճառով:
Իշխանությունները նշում են, որ քուշը Սիերա Լեոնեում հայտնվել է մոտ չորս տարի առաջ։ «Քուշը դարձել է նոր թագավոր՝ փոխարինելով տրամադոլի նման ավելի թանկ թմրանյութերին», - ասում է տեղացի վավերագրող Թայսոն Կոնտեն:
Մեկ չափաքանակն արժի մոտ հինգ լեոեն, այսինքն՝ ընդամենը ռուսական երկու կոպեկ։ Թեև կախվածություն ունեցող անձը կարող է օրվա ընթացքում քուշի մինչև 40 չափաքանակի կարիք զգալ, այդուհանդերձ դա մատչելի է անգամ աֆրիկյան աղքատ երկրի համար:
Քուշի ազդեցության տակ մարդիկ ընկնում են յուրօրինակ տրանսի մեջ. անջատվում են իրական աշխարհից, բայց չեն քնում և դեռ ընդունակ են լինում շարժվելու։ Ֆրիթաունի աղբահավաք Մոհամեդը Ֆրանսպրես գործակալության թղթակցին ասել է, որ քուշի մեկ չափաքանակի ազդեցությունը տևում է առավելագույնը մեկ ժամ: Այնուհետև թմրամոլն արթնանում է, ուտում ու ընդունում հաջորդ չափաքանակը։ Օրվա մեծ մասն անցնում է թմրանյութից առաջացրած ընդարմացման մեջ։ Դա թմրամոլի գրպանին օրական 200 լեոնե է նստում։
Քուշի հիմքը հաճախ սինթետիկ k2 կանաբինոիդներն են: Բացի դրանից, քուշը կարող է պարունակել նաև ֆենտանիլի և տրամադոլի ափիոիդներ, որոնք Չինաստանից և ասիական այլ երկրներից մաքսանենգ ճանապարհով հասցվում են Սիերա Լեոնե: Որոշ տվյալներով՝ քուշին խառնում են ացետոն կամ ֆորմալդեհիդ. նյութ, որն օգտագործվում է մահացածներին զմռսելու և անատոմիական պատրաստուկները պահպանելու համար։ Դրա որոշակի քանակությունը կարող է հալյուցինացիաներ առաջացնել։ Ամենաէկզոտիկ բաղադրիչը, որն, ըստ լուրերի, առկա է քուշում, մարդու ոսկորներն են, որոնք հանում են գերեզմաններից: