07-12-2024 | 18:19
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միլիարդատեր Իլոն Մասկը և հանրապետական Վիվեկ Ռամասվամին նրա վարչակազմում կղեկավարեն Կառավարության արդյունավետության վարչությունը:
«Միասին այս երկու ամերիկացիները ճանապարհ կհարթեն իմ վարչակազմի համար, որպեսզի քանդենք պետական բյուրոկրատիան, կրճատենք ավելորդ կանոնակարգերը, կրճատենք անիմաստ ծախսերը և վերակառուցենք դաշնային գործակալությունները», - ասել է Թրամփը մամուլի հաղորդագրության մեջ։
Թրամփը հավելել է, որ այդ վարչության աշխատանքը կավարտվի ամենաուշը 2026 թ. հուլիսի 4-ին։
«Ավելի փոքր կառավարությունը՝ ավելի մեծ արդյունավետությամբ և ավելի քիչ բյուրոկրատիայով, կատարյալ նվեր կլինի Ամերիկային Անկախության հռչակագրի ընդունման 250-ամյակի առթիվ: Վստահ եմ, որ նրանք հաջողության կհասնեն», - հայտարարության մեջ նշել է Թրամփը։
Tesla, Space X, Neuralink և մի շարք այլ ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը նախագահական ընտրությունների ժամանակ Թրամփի ամենամեծ աջակիցներից էր։ Իսկ Վիվեկ Ռամասվամին պայքարում էր Հանրապետական կուսակցության կողմից նախագահի պաշտոնին առաջադրվելու համար, սակայն դուրս էր եկել ընտրարշավից և իր աջակցությունը հայտնել Դոնալդ Թրամփին։
Թրամփի հայտարարությունից ժամեր անց Մասկն իրեն պատկանող X սոցիալական հարթակում հայտարարել է, որ Կառավարության արդյունավետության վարչության բոլոր գործողությունները կհրապարակի առցանց՝ թափանցիկության համար։
Թրամփը նաև հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում կնշանակի Փիթ Հեգսեթին, որը Fox News-ի հաղորդավար է և վետերան։
Իսկ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում, ըստ Reuters-ի աղբյուրների, կնշանակվի սենատոր Մարկո Ռուբիոն։
www.armenpress.am