
11-07-2025 | 15:46
Մայր Աթոռում իրավիճակը շարունակում է լարված մնալ. իրավապահները փորձում են ձերբակալել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Թեև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարել էր, որ գնալու է իրավապահների հետ, սակայն քիչ անց հրմշտոց սկսվեց, ինչից հետո նա վերադարձավ ու գնաց Վեհարան, որտեղ պետք է բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ ժողով անցկացվի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայտարարել էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը փաստաբանի ուղեկցությամբ կգնա իրեն ձերբակալելու համար Մայր Աթոռի տարածք մտած իրավապահների հետ, իսկ մյուս հոգևորականները կհավաքվեն վեհարանում՝ ժողով անցկացնելու և իրենց անելիքները որոշելու համար։
«Ինչպես նախատեսված էր, այսօր մենք ունենք ժողով, Սրբազանը հիմա գնալու է մեր փաստաբանի հետ, մենք կգնանք վեհարան, այնտեղ կհամախմբվենք, մեր քննարկումները կունենանք և եզրահանգում կանենք մեր հետագա գործողությունների համար։ Մենք ամենայն ջանք ի գործ ենք դնելու, որպեսզի արդարությունը գործի»,- հայտարարել էր Ամենայն Հայոց կաթողիկոսը։
Այս պահին ղողանջում են Մայր Աթոռի զանգերը։
Հոգևորականներից մեկը Մայր Աթոռի տարածքում գտնվող լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ինքնազգացողությունը վատացել է։
Իրավապահները հունիսի 27-ի առավոտյան քննչական գործողություններ են իրականացրել նաև Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում։
2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի այն հայտարարության առնչությամբ, թե «Հայաստանում անհրաժեշտ է ռազմական հեղաշրջում իրականացնել»։
www.armenpress.am