08-10-2024 | 16:51
ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին, որպեսզի երկու երկրները կարողանան համապարփակ խաղաղության հասնել։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը։
«Մենք կաջակցենք Հայաստանին ու Ադրբեջանին, որպեսզի կարողանան համապարփակ ու կայուն խաղաղության համաձայնագրի կնքման հասնել։ Մենք տեղյակ ենք, որ երկու երկրներն էլ նախընտրում են երկկողմանի հարթությամբ հարցերը լուծել, մենք աջակցում ենք դրան»,- ասաց Բորջը։
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացը՝ նա նշեց, որ չի ցանկանում կարծիք հայտնել գործընթացի մասին, քանի որ իր արտահայտած որևէ դիրքորոշում կարող է խանգարել գործընթացին։
«Եթե ուզում ես կառուցողական լինել, ավելի լավ է թողնել, որպեսզի կողմերը իրենք իրենց տեսակետները հայտնեն, մանավանդ վերջերս տեղի ունեցած հանդիպումներից հետո, որոնք տարբեր հարթություններով տեղի են ունենում։ Ես, անշուշտ, գործընթացին չեմ օգնի, եթե հանկարծ հայտարարեմ իմ դիրքորոշումը։ Ես չեմ օգնի գործընթացին, երբ իրականում մենք դրա մասը չենք։ Դա երկկողմանի քննարկում է, ուստի հարգեք իմ դիրքորոշումը»,- ասաց Բորջը։