
25-03-2025 | 13:35
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը, մինչև 2021 թվականի վերջին իր հրաժարականը, գիտեր Եվրոպա գազի մատակարարումը սահմանափակելու՝ Ռուսաստանի մտադրության մասին, բայց թաքցնում էր այդ տեղեկատվությունը, գրում է Handelsblatt թերթը, որին հասանելի են դարձել «Հյուսիսային հոսք 2» գազատարի գաղտնի փաստաթղթերը։
Գերմանիայի կառավարությունը Ռուսաստանին կասկածում էր շանտաժի մեջ. երկրի էկոնոմիկայի նախարարության 2021 թվականի օգոստոսի նոտայում, մեջբերված Handelsblatt-ի կողմից, ասվում էր, որ գազի դեֆիցիտ առաջացնելով՝ ռուսական իշխանությունները կարող են փորձել ստիպել «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը մինչև Գերմանիայի իշխանությունները կիրականացնեն անհրաժեշտ հավաստագրումը։
Փաստաթղթում նշվում էր, որ Ռուսաստանի վարքագիծը «կարող է ունենալ դրամատիկ հետեւանքներ», իսկ գազի պահեստարանների լիցքավորումը «շատ դանդաղ» է ընթանում. 2021 թվականի հուլիսին «Գազպրոմին» պատկանող պահեստարանները լցված էին միայն կիսով չափ։
Գրությունը, ըստ Handelsblatt-ի, ուղարկվել է այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար և Մերկելի մերձավոր դաշնակից Պետեր Ալթմայերին, ով այդ մասին տեղեկացրել է նախարարների կաբինետին: Սակայն, 2021 թվականի հոկտեմբերին, գրում է Handelsblatt-ը, Մերկելը, պատասխանելով թերթի լրագրողի հարցերին, ասաց, որ նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կրճատում է գազի մատակարարումները Եվրոպա։
2021 թվականի հոկտեմբերի վերջին Վլադիմիր Պուտինը հանձնարարել է «Գազպրոմին» սկսել ծրագրված աշխատանքները՝ եվրոպական պահեստներում վառելիքի ծավալն ավելացնելու ուղղությամբ։ Այդ ժամանակ գազատարի շինարարությունը գրեթե ավարտված էր։ Սակայն, 2022 թվականի փետրվարին, երբ Ռուսաստանը ճանաչեց ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն, Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությունը հայտարարեց «Հյուսիսային հոսք 2»-ի շահագործման սառեցման մասին:
2022 թվականի սեպտեմբերի վերջին Բալթիկ ծովի հատակով հոսող «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների վրա մի շարք պայթյուններ տեղի ունեցան, ինչի հետևանքով չորս թելերից երեքը վնասվեցին: Հայտնի չէ, թե ով է կանգնած եղել պայթյունների հետևում. դրանք դիտվել են որպես և՛ ուկրաինական, և՛ ռուսական հետք։ Եվրոպական մի քանի երկրներ հետաքննություն են սկսել, սակայն երկու երկրներ՝ Դանիան և Շվեդիան, արդեն դադարեցրել են այն։ Գերմանիայում հետաքննությունը դեռ շարունակվում է։