15-11-2025 | 17:18
Մեծ Բրիտանիան չի նախատեսում զորքեր ուղարկել Գազայի հատված՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար, BBC-ի հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Կուպերը։
«Դա մեր պլանների մեջ չի մտնում։ Այնուամենայնիվ, կա առաջարկ, որ ԱՄՆ-ըն անհապաղ ղեկավարի մոնիթորինգի գործընթացը՝ տեղում կատարվողը հասկանալու, պատանդների ազատ արձակումը, [գործարքի] առաջին փուլի իրականացումը եւ մարդասիրական օգնության մատակարարումը վերահսկելու համար։ Սակայն նրանք հստակեցրել են, որ ակնկալում են, որ հարեւան երկրների զորքերը ներկա կլինեն տեղում։ Եվ մենք դա ենք ակնկալում»,- ասել է նա։
Կուպերը նաեւ հայտնել է, որ Մեծ Բրիտանիան, մի շարք երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի եւ Հորդանանի հետ միասին, կբանակցի Գազայի վերականգնման համար ներդրումների շուրջ։
Հինգշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի եւ պաղեստինյան արմատական շարժման՝ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները Եգիպտոսում կայացած բանակցություններից հետո համաձայնագրեր են ստորագրել խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ: Նա նշել է, որ այս փուլը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում եւ իսրայելական զորքերի դուրսբերում Գազայի հատվածի համաձայնեցված սահման: Իսրայելի իշխանությունները պարտավորվել են ազատ արձակել իսրայելական կալանքի տակ գտնվող պաղեստինցի բանտարկյալների մեծ խմբի:
Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտնել էր, որ Մերձավոր Արեւելքում արդեն տեղակայված ամերիկյան զորքերը կհետեւեն Գազայում հրադադարի պահպանմանը՝ որպես միջազգային առաքելության մաս: Reuters-ի փոխանցմամբ՝ ամերիկյան զորքերն ուղղակիորեն չեն տեղակայվի Գազայում: Առաքելության մեջ, ենթադրաբար, կներառվեն զորքեր Եգիպտոսից, Կատարից, Թուրքիայից եւ, հնարավոր է, ԱՄԷ-ից:
www.news.am