08-12-2024 | 15:58
Այս տարի ոչինչ չունենք, ավելի ճիշտ՝ ոչինչ ունենք շնորհավորելու ո՛չ մեր աշխատակիցներին, ո՛չ մեր գործընկերներին, ո՛չ էլ մեր ընթերցողներին ու ժողովրդին: Անցնողը պարտության տարի եղավ, Արցախի հանձնման, արցախահայության իր իսկ հայրենիքում գաղթականացման տարի: Պատմաբաններից ու պատմությունից առաջ, որոնց այսօր տենդագին ակնկալությամբ հայացքներն են հառել «մեկը» եւ «մյուսները», թե ապագան «աննախադեպ» ի՞նչ է գրելու «իր» եւ «մյուսների» մասին: Իզուր ջանքեր, բոլորովին իզուր հույսեր: Պատմությունից առաջ «իր» եւ «իրենց» «աննախադեպ» ձախողության ու դավաճանության մասին արդեն արձանագրվել է մարդկանց, դեռեւս չզոմբիացա՛ծ մարդկանց ուղեղներում, դեռ չխոսելով սրտերում արձանագրվածի մասին, որն անջնջելի է եւ սովորություն ունի փոխանցվելու սերնդե սերունդ…
Բայց մենք որոշել էինք այսօր չանդրադառնալ ո՛չ «նրան», ո՛չ էլ «նրա» հետեւորդներին: Ձանձրացել, զզվել ենք «նրա» մասին խոսելուց: Մանավանդ այս օրերին, երբ տարի ու տարեթիվ ենք պատրաստվում փոխել: Գալիք տարին էլ չհարամենք: Մնանք հավատարիմ մեր որոշմանը եւ միայն բարեմաղթանքի խոսք ասենք՝ ուղղված մեր բազմաչարչար, ինչ-որ տեղ միամիտ, ինչ-որ տեղ իսկույն ոգեւորվող, հաճախ հարմարվող եւ ավելի հաճախ խոսքերից ու երեւութական բաներից խաբվող մեր հայրենակիցներին:
Հիշեցի համաշխարհային պատմությունից մեզ հայտնի՝ իբր քրիստոնեություն քարոզելու համար Հարավային Ամերիկա եւ Աֆրիկա մեկնող միսիոներներին, այսինքն՝ առաջին գաղութարարներին: Նրանք տգետ ու տկլոր բնիկներին ամենաշատը նվիրում էին փոքրիկ հայելիներ: Բնիկը ուրախանում էր առաջին անգամ ինքզինք հայելու մեջ տեսնելուց եւ ինքնակամ հետեւում «նվիրատուին», որը վերցնում էր նրա չունեցածն անգամ: Այդպես էլ մեր ժողովրդի մի մասը, որ խուռներամ, ինչպես 2018 թ.-ին, դեռ երկու օր առաջ, ահելով ու ջահելով վազում էր դեպի Հանրապետության հրապարակ՝ դիտելու տոնածառն ու լույսերը, երկինքը ճեղքող գույզնգույն հրավառությունը…
Վստահորեն կարելի է ասել, որ եկող տարին, մեղմ ասած, հեշտ չի լինելու: Թշնամական ու «բարեկամական» սարդոստայնի մեջ հայտնված մեր երկիրը ենթակա է մնալու ռազմական, դիվանագիտական ու տնտեսական ներխուժումների սպառնալիքի, ագրեսիայի: Շարքային քաղաքացիներից պահանջվում է ներգրավվածություն եւ ոչ թե ժամկետանց դիմադրություն, ինչպես օրերս Նորադուզում ձկնորսությամբ ընտանիք պահող գավառցիների ընդդիմությունը կառավարության անհամաչափ որոշումներին:
Մեր ժողովուրդը պետք է սովորի լսածը վերլուծել, չլսածը՝ կռահել: Այսքան աղետ-փորձանքից հետո մեր ժողովուրդը պետք է վարժվի վելրուծելու մեթոդին, փաստերը ի մի բերելու, անցյալի միջոցով ներկան ու ապագան խորաչափելու կարողության: Նա առաջին հերթին քաղաքացի պետք է լինի՝ սթափ եւ հաշվեպահանջ, իր իրավունքներին գիտակից: Չզմայլվի կեղծ ու պատիր խոստումներից, շլացուցիչ «աննախադեպություններից»: Քաղաքացի՝ առանց պայմանի ու… պայմանագրերի:
Միայն այդ պարագայում կարող են դուրս գալ սարդոստայնից ու կրկին տեր ու տիրական դառնալ մեր հող ու ջրին, մեր հայրենիքին ու պետությանը՝ ներառյալ Արցախը:
Նոր տարվա առիթով դա ենք մաղթում մեր բոլոր հայրենակիցներին, Հայաստանում թե Սփյուռքում:
***
Այս խոսակցությունը շարունակելի է նաեւ առաջիկա տարի: Կշարունակենք 2024 թ. հունվարի 11-ից սկսյալ:
Մինչ այդ՝ խաղաղություն եւ ամենայն բարիք բոլորիս:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
«Ազգ» շաբաթաթերթ