14-01-2026 | 15:50
Ռուսական կողմը պատրաստ է լսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկներն Ուկրաինայի իրավիճակի կարգավորման վերաբերյալ, ընդ որում՝ այդ խնդրի պարզ լուծում լինել չի կարող, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Վերջինը կասկածից վեր է։ Անկասկած»,- ասել է Ռյաբկովը «Ինտերֆաքսի» հարցազրույցում՝ պատասխանելով Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի առաջարկները լսելու Մոսկվայի պատրաստակամության մասին հարցին։
«Մենք խիստ մանրակրկիտ, պատասխանատու կերպով եւ ուշադիր ենք մոտենում ցանկացած մտքի, որն առաջարկվում է երկրների կողմից այդ ոլորտում»,- ասել է Ռյաբկովը։
«Եթե ամերիկյան կողմից ինչ-որ ազդանշաններ ստացվեն այն մասին, որ նրանք մտքեր ունեն, թե ինչպես առաջ ընթանանք կարգավորման հարթությունում, այլ ոչ թե Կիեւի ռեժիմի հերթական զինման հարթությունում, ինչն ի վերջո կհանգեցնի Մոսկվայի նույն ռազմավարական պարտությանը, ապա մենք, անկասկած, առավելագույնը կանենք, որպեսզի վերլուծենք եւ մշակենք պատասխանը»,- ասել է նա։ Նա նշել է, որ «հռչակագրերը, հայտարարությունները, խոստումները, ինչ-որ ազդանշանները, իհարկե, կարեւոր են»։
«Ամերիկյան կողմից դրանք ստացվում են տարբեր խողովակներով եւ բոլոր մակարդակներում, եւ այդ ամենն ամրագրվում է։ Բայց անհրաժեշտ են գործողություններ, եւ մենք գնահատական կտանք ըստ ապագա վարչակազմի կոնկրետ գործերի։ ԱՄՆ այժմ 47-րդ նախագահը հայտնի դարձավ, եւ նա մեզ հայտնի է նախկին իշխանությունում իր գտնվելով։ Ես կարծում եմ, որ որոշ ուղերձներ նրա կողմից Ուկրաինայում իրավիճակի գերարագ կարգավորման մասին ընդամենը հռետորաբանություն են, ոչ ավելին, իր հանդեպ լրացուցիչ ուշադրություն գրավելու միջոց նախընտրական կտրվածքով»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։
«Հասկանալի է, որ այդ խնդրի կամ այդ խնդիրների պարզ լուծում՝ կապված Ուկրաինայում եւ նրա շուրջ տեղի ունեցողի հետ, լինել չի կարող»,- ավելացրել է Ռյաբկովը։
«Եվ այն ուղին, որով մենք առաջարկում ենք անցնել, միակ իրատեսականն է, որոշվել է ԱԳՆ-ում հունիսի 14-ին նախագահի ելույթի ընթացքում եւ հետագայում բազմիցս ներկայացվել եւ կոնկրետացվել է, ներառյալ ելույթը «Վալդայում»,- ասել է ՌԴ ԱԳ ղեկավարի տեղակալը։
Ռյաբկովն ընդգծել է, որ «ամերիկյան վարչակազմը պետք է շատ լրջորեն վերաբերվի այս ազդանշաններին, ե՛ւ հեռացողը, ե՛ւ գալիքը»։
«Մենք կոնյունկտուրային տատանումներ չունենք, եւ չկա մեր արմատական շահերի դրվածք այն բանից կախված, թե ով է ի վերջո գտնվում Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում։ Այս մասին, ի դեպ, բավական որոշակիորեն ասվել է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում՝ հրապարակված ԱՄՆ ընտրությունների հաջորդ օրը»,- ավելացրել է նա։
www.news.am