10-11-2025 | 13:49
Արտաշատում նոյեմբերի առաջին շաբաթը թատերական տոն է լինելու։ Մեկնարկում է Արտաշատի երրորդ հանրապետական թատերական փառատոնը, որը տեղի է ունենալու Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Փառատոնի մեկնարկը նոյեմբերի 1-ին է Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի «Մարդը ափի մեջ» ներկայացմամբ, որի բեմադրիչը Նարինե Գրիգորյանինն է։ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ փառատոնին մասնակցում է հանրապետության 11 թատրոն։
«Մասնակցում են թատրոններ Երևանից, Կապանից, Հրազդանից, ընդհանուր առմամբ փառատոնի խաղացանկում ընդգրկված է 11 ներկայացում։ Փառատոնին մասնակցել ցանկացող թատրոնները շատ էին, ընտրությունը կատարվել է այնպես, որ հնարավորինս նոր թատրոններ ընդգրկենք ու խաղացանկում լինեն ամենատարբեր տարիքի հանդիսատեսին առնչվող ներկայացումներ»,-ասաց Կամո Նաղդալյանը։ Նա ուրախությամբ նշեց, որ թատրոնում իրականացվում են լուսաձայնային գերժամանակակից տեխնիկայի մոնտաժման աշխատանքները և փառատոնի շրջանակում գործընկերներին կհյուրընկալեն առավել լավ պայմաններով։

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց, որ փառատոնն արդեն հասցրել է սիրվել հանդիսատեսի կողմից։ Այն մեծ աշխուժություն է բերում մարզային կյանքում, նպաստում է հանդիսատեսի ու թատրոնի կապի ամրապնդմանը։

«Շատ ուրախ ենք, որ այս փառատոնը դարձել է Արտաշատի այցեքարտերից մեկը։ Սա կարևոր իրադարձություն է մարզային կյանքում։ Փորձը ցույց է տալիս, որ նման ամեն միջոցառումից հետո մարզային թատորնն ավելի ակտիվ է սկսում աշխատել հանդիսատեսի հետ։ Այստեղ ես ուզում եմ ընդգծել տեղական մարմնի ակտիվ աշխատանքը, առանց որի այս փառատոնը չէր կայանա։ Մարզպետը ջանք չի խնայում ու իր անվերապահ աջակցությունն է հայտնում, ինչը շատ կարևոր է»,-ասաց Հակոբ Ղազանչյանը։
Փառատոնը տևելու է մինչև նոյեմբերի 9-ը։ Այն եզրափակվելու է Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Ուրվականների սոնատը» ներկայացմամբ, որի բեմադրիչը Ինա Հախնազարյանն է։ Ներկայացումների տոմսերը վաճառվում են։
www.armenpress.am