
14-03-2025 | 20:55
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը «Tagesspiegel» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ փորձագետների կարծիքով՝ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ պատերազմ կարող է տեղի ունենալ 5-8 տարի հետո։ Գերմանիան պետք է պատրաստ լինի նման սցենարի:
«Գրեթե ամեն օր սպառնալիքներ ենք լսում Կրեմլից՝ վերջին շրջանում կրկին Բալթյան երկրների մեր ընկերների հասցեին, ուստի պետք է հաշվի առնել, որ Վլադիմիր Պուտինը մի օր կարող է նույնիսկ հարձակվել ՆԱՏՕ-ի երկրներից մեկի վրա», - ասել է նախարարը նաև նշել է, որ իր հայտարարությամբ ցանկանում է «արթնացնել հասարակությանը»:
Նախարարը կոչ է արել նախօրոք դիմել նախազգուշական քայլերի՝ մասնավորապես պաշտպանական արդյունաբերությունը հզորացնելու ուղղությամբ։ Նա արդեն առաջ է քաշել պարտադիր զինվորական ծառայության ներդրման գաղափարը և պատրաստվում է մինչև ապրիլ նման առաջարկություն ներկայացնել կառավարության հաստատմանը։
Պիստորիուսն ասել է, որ պատրաստ է գերմանական անձնագիր չունեցողների համար հասանելի դարձնել ծառայությունը զինված ուժերում։
«Մենք առաջինը չենք լինի Եվրոպայում, որ կանի դա»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը, հավելելով՝ պետք է արագ ուժեղացնեն երկրի պաշտպանական կարողությունները՝ հաշվի առնելով «սպառնալիքի լրջությունը»։