04-12-2024 | 21:56
ՆԱՏՕ-ի անդամները համաձայնեցրել են 2025 թ․ Ուկրաինային 40 մլրդ եվրոյի օգնության տրամադրումը և հայտարարել, որ Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու «ուղին անշրջելի է»։
«Մենք վերահաստատում ենք Ուկրաինային աջակցելու մեր վճռականությունը՝ ստեղծելու ուժեր, որոնք կարող են այսօր հաղթել ռուսական ագրեսիան և ապագայում զսպել այն։ Այդ նպատակով մենք մտադիր ենք հաջորդ տարվա ընթացքում հատկացնել 40 մլրդ եվրոյի չափով նվազագույն հիմնական ֆինանսավորում և Ուկրաինայի համար ապահովել անվտանգության ոլորտում օգնության կայուն մակարդակ»,- ասված է գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն էլ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան պետք է իրավունք ունենա հարվածել Ռուսաստանի տարածքին, քանի որ դա նախատեսված է ինքնապաշտպանության իրավունքով: Նա հավելել է, որ դաշինքը կհամակարգի ուկրաինական ուժերի նախապատրաստումը ՆԱՏՕ-ի երկրներում: