03-10-2024 | 18:54
Ամերիկյան Neuralink ընկերությունը, որը հիմնադրել է Իլոն Մասկը, ԱՄՆ Սննդի և դեղերի դաշնային վարչությունից (FDA) թույլտվություն է ստացել մարդու գլխուղեղում չիպ տեղադրելու երկրորդ վիրահատությունն իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։
Առաջին մարդու գլխուղեղում տեղադրված Telepathy կոչվող չիպի հետ խնդիրներ էին առաջացել։ Մասնավորապես, գլխուղեղի շարժման հետևանքով չիպի՝ ուղեղին միացված գերբարակ լարերի մասը դուրս էր եկել, ինչի հետևանքով ազդանշան չէր փոխանցում չիպին։ Ընկերությունը հայտարարել էր, որ վերականգնել է իմպլանտի ֆունկցիոնալությունը՝ փոփոխելով դրա ալգորիթմը և նեյրոիմպլանտը դարձնելով այն ավելի զգայուն: Սակայն խնդիրը լուծելու համար ընկերությունը նախատեսում է լարերի մի մասն ավելի խորը մտցնել գլխուղեղի մեջ:
Reuters-ը տեղեկացրել էր, որ ընկերությունը տեղյակ է եղել խնդրի մասին, տեղյակ է եղել նաև ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը, քանի որ Neuralink-ը կարգավորող մարմիններին տրամադրել է կենդանիների վրա փորձարկումների բոլոր արդյունքները։ Գործակալությունը հրաժարվել էր մեկնաբանել տեղեկությունը՝ միայն նշելով, որ FDA-ը կվերահսկի Neuralink-ի ուսումնասիրություններին մասնակցողների անվտանգությունը։
Առաջին բուժառուղի գլխուղեղում Neuralink-ի իմպլանտը տեղադրվել է այս տարվա հունվարին։ Իլոն Մասկը հայտարարել էր, որ բուժառուն իրեն լավ է զգում, իսկ սարքից ստացված առաջին տվյալները խոստումնալից արդյունքներ են ցույց տալիս։
Neuralink-ի նոր իմպլանտը այն կրողին թույլ է տալիս սմարթֆոնը կամ համակարգիչը կառավարել մտքի ուժով և հիմնականում նախատեսված է նրանց համար, ովքեր տարբեր պատճառներով չեն կարողանում օգտագործել իրենց վերջույթները: Այս տարվա մարտին իմպլանտով առաջին հիվանդը ցույց է տվել, թե ինչպես է շախմատ և համակարգչային խաղեր խաղում «իր մտքի ուժով»։
2016-ին հիմնադրված Neuralink մշակում է նաև գլխուղեղի մեկ այլ իմպլանտ, որը կույր մարդուն պետք է հնարավորություն տա տեսնել: Այս նախագիծը կոչվում է Blindsight: Մասկը կարծում է, որ նման նեյրոնային ինտերֆեյսները մարդկանց կօգնեն սովորել ուղղակիորեն կառավարել համակարգիչը՝ օգտագործելով մտքի ուժը: