08-10-2024 | 16:32
ՆԱՏՕ-ն Ուկրաինային աջակցելու առաքելություն կստեղծի: Դրա մասին Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։
«Մենք որոշել ենք ՆԱՏՕ-ի առաքելություն ստեղծել Ուկրաինայում։ Սա չի նշանակում, որ ներքաշվում ենք պատերազմի մեջ, այլ՝ այն, որ այժմ դաշինքի համակարգման, ուսուցման և պլանավորման հնարավորությունները կկարողանանք օգտագործել՝ Ուկրաինային ավելի համակարգված կերպով աջակցելու համար», - շեշտել է դիվանագետը՝ X-ի իր միկրոբլոգում:
Սիկորսկին նախօրեին նման առաքելություն ստեղծելու ծրագրերի մասին հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումից առաջ։ Նա շեշտել է, որ այս առաքելությունը Ուկրաինայում մարտական գործողություններին չի մասնակցի։