
25-03-2025 | 13:35
Առաջ ես կարծում էի, որ գաղափարախոսությունը ձեւակերպվում է ազգի մտավոր, հոգեւոր վերնախավի կողմից, որի ոգեշնչման աղբյուրն են բարձր արժեքները, սկզբունքները, եթե ուզում եք՝ «ձեւերը» (հիշելով Պլատոնին): Բայց քանի որ Հայաստանում, ըստ պաշտոնական քարոզչության եւ դրան հավատացող զանգվածի, ոչ մի վերնախավ չկա, իսկ նրանք, ովքեր հավակնում են վերնախավի անվան, բոլորը «սրիկա են ու ծախված», գաղափարախոսությունը ձեւավորում է «ժողովուրդը», եւ դրա առաջնորդ Փաշինյանին մնում է միայն այդ թեզերը բարձրաձայնել:
Եվ այստեղ Պլատոնի կամ որեւէ այլ խոշոր մտածողի կարիքը չկա, ամեն ինչ պարզից էլ պարզ է՝ «ուզում ենք պարզապես ապրել»: Այսինքն՝ որպես ազգ եւ պետություն չունենք որեւէ նպատակ, տեսլական, նույնիսկ շարժման ուղղություն, ամեն մեկս բավարարենք մեր փոքրիկ «էգոն», եւ կյանքն ինքն իրեն հրաշալի կդառնա: Եթե ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն այդպես է մտածում (ինչին հակված եմ հավատալու), ուրեմն, մոտենում է մեր պետության վախճանը: Ոչ մի պետություն այդ «գաղափարախոսությամբ» չի կարող գոյատեւել:
Դրան դուք գուցե առարկեք, որ մենք արդեն կռվել ենք, արդեն մաքառել ենք, հիմա արդեն ունենք պետություն ու ցանկանում ենք նորմալ ապրել:
Նման (ընդունենք՝ շատ տարածված) կարծիքին ես ունեմ երեք առարկություն:
1/ Այս պահին աշխարհում ստեղծված վիճակը վկայում է, որ գոյություն ունեցող բազմաթիվ պետություններում մարդիկ չեն կարողանում «պարզապես ապրել»: «Անհանգիստ ապրելու» վերջին ալիքը սկսվեց «արաբական գարունով» ու շարունակվում է Պաղեստինով եւ Ուկրաինայով: 2/ Որպեսզի «պարզապես ապրես», հարեւաններդ պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ դու պետություն ունես: Մինչդեռ Ադրբեջանն ու Թուրքիան, իրականում նպատակ ունեին եւ ունեն՝ ոչնչացնել հայկական պետականությունը:
3/ Նույն Փաշինյանը պնդում է, որ մենք ոչ թե կռվում էինք ու մաքառում, այլ պարզապես խանգարում էինք, որ Ադրբեջանն ապրի:
Այլ կերպ ասած, հազարավոր ազատամարտիկների, հայտնի ազգային հերոսների, Հայաստանում զրկանք կրող մարդկանց ամբողջ կյանքը եւ մահը իմաստավորվում են միայն ադրբեջանցիներին նեղություն պատճառելով: Դա ոչ այլ ինչ է, քան Փաշինյանի կողմից պետականության 30 տարին ջնջելը ու դրա վրա մի մեծ գերեզմանաքար դնելը:
Արամ Աբրահամյան
«Առավոտ»